ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանն անհետացել է: Մասնավորապես, Սարդարապատ համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում նշել էին, որ վերջին անգամ նրան տեսել են տանից ինչ-որ մարդկանց հետ դուրս գալիս: Պարզեցինք նաև, որ իրավապահները հարցաքննել են բոլոր հարազատներին` հասկանալու համար, թե Մանուկ Սիմոնյանն ում հետ է դուրս եկել տանից, ինչ են խոսել կամ ինչ ներքին խնդիրներ են ունեցել:
ArmLur.am-ին հաջողվեց զրուցել Մանուկ Սիմոնյանի ազգականի՝ Սամվելի հետ, ում համար ևս անակնկալ էր տեղի ունեցածը: «Բոլորս էլ զարմացած ենք: Ինքը տանից միայնակ է դուրս եկել»,- նշեց նա:
Սամվելը հայտնեց, թե Մանուկ Սիմոնյանը դուրս գալուց առաջ ոչ ոքի ոչինչ չի ասել, նույնիսկ կնոջը, իսկ հեռախոսահամարն էլ անհասանելի է: «Իր հեռախոսը երևի վերցրել են, ինչ են արել, համարն էլ չկա»,- հավելեց նա:
Սամվելը ևս հաստատեց, որ ընտանիքի անդամներին կանչել են հարցաքննության, սակայն վերջիններս ոչնչից տեղյակ չեն: «Իր մեքենան տանն է, նա ուրիշ մեքենայով էր գնացել: Պարտք չուներ, այդ մասին տեղյակ չենք, բոլորն էլ ուղղակի զարմացած են, թե ինչն է եղել պատճառը: Ինքը դրանից առաջ հիվանդ էր, տանը պառկած էր՝ մեջքն էր ցավում»,- հավելեց նա:
Լուսանկարը` նրա odnoklassniki.ru-ի էջից է: