ՖՈՏՈ. Պետական գերատեսչություններում լրատվամիջոցների սեւ ցուցակ են կազմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանի հարցին պատասխանելու փոխարեն հիշեցրել է նրա նախկին հոդվածներից մեկը եւ հայտարարել, որ միայն գրավոր է աշխատելու «Հրապարակի» հետ, քանի որ «Հրապարակն» իր դեմ հոդված է գրել։

Երբ լրագրողը փորձել է հիշեցնել նրան իր պարտականությունները եւ հորդորել է «մանկական նեղացվածության» փոխարեն իր գործն անել, խոսնակը վիրավորել է լրագրողին (հարկ չենք համարում խորանալ մանրամասների մեջ՝ խոսակցությունը ձայնագրված է եւ Բալայանի օգտին չի խոսում)։ Ավելի ուշ Տ․ Բալայանը կապվել է «Հրապարակի» խմբագրի հետ, եւ փորձել են երկուստեք հարթել կոնֆլիկտը։ Բայց, պարզվում է, մեր խոսնակները ոչ միայն իրենց պարտականությունների մեջ են թերանում, այլեւ երկակի քաղաքականության կողմնակից են՝ լրագրողներին մի բան են ասում, սոցցանցերում՝ բոլորովին այլ բան։

Ֆեյսբուքում վաղուց գործող փակ խումբ կա՝ «Մամուլի խոսնակներ հայոց» հավակնոտ անունով։ Այստեղ, դատելով այսօր մեզ ուղարկված սքրին-շոթներից, ազատ մամուլի դեմ դավադրություններ են հյուսվում, եւ մեր աշխատանքը տապալելու ծրագրեր մշակվում։ «Հրապարակի» լրագրողի ու խմբագրի հետ ունեցած զրույցից անմիջապես հետո ԱԳՆ մամուլի խոսնակը դիմել է իր «բախտակիցներին»՝ իրեն ձեռնտու ձեւով ներկայացրել միջադեպը ու խորհուրդ հարցրել, որից հետո «հայոց աշխարհի» խոսնակները քննարկել են այն՝ միակողմանի տեղեկատվության հիման վրա։

Մենք ձեռնպահ կմնանք գնահատականներ տալուց՝ քանի որ խմբի զրույցը հանրային նշանակություն ունի՝ հրապարակում ենք այն նույնությամբ, սակայն նրանց վերադասի ուշադրությունն ենք հրավիրում այդ զրույցների բովանդակության վրա։ Հույս ունենք, որ ցանկացած իրեն հարգող պաշտոնյա, որը հանրության առաջ բաց ու թափանցիկ լինելու պարտականություն ունի եւ հոգ է տանում իր գերատեսչության հեղինակության մասին, պետք է աշխատանքից ազատի նման մտածելակերպ, բառապաշար եւ գործելաոճ որդեգրած խոսնակին, որը ԶԼՄ-ների սեւ ցուցակ ունի, ամեն ինչ անում է, որ լրագրողներն «ընկնավորեն», կոչ է անում չնկատել լրագրողներին։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Ազգային ժողովի, Պաշտպանության, Արտաքին գործերի, ԿԳ եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների խոսնակներին։

«ՀՐԱՊԱՐԱԿ» օրաթերթ

Հ. Գ. Մամուլի խոսնակների թունոտ գործունեությունը ուղղակիորեն առնչվում է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթին, որն այս դեպքում ընդհանրապես թեմայի հետ որեւէ առնչություն չունի: Բայց պարզվում է՝ մի քանի գժուկներ մեզ եւս «Հրապարակ» օրաթերթի հետ «սեւ ցուցակում» են «տեղավորել»: Հատուկ ՊՆ, ԱԳՆ, ԱԺ եւ ԱԻՆ խոսնակներին եւ մյուսներին եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ դուք մեր վճարած հարկերի շնորհիվ աշխատավարձ եք ստանում (ընդ որում` բավականին բարձր), օգտվում եք ծառայողական ավտոմեքենաներից եւ պարտավոր եք ծառայել մեզ՝ առանց քննարկելու ձեր եւ ձեր ղեկավարների մասին մեր կողմից հրապարակված նույնիսկ ձեզ անցանկալի թվացող նյութերը: Իսկ այս «ցուցակների» հարցով մենք դեռ կզբաղվենք:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթ

 




Լրահոս