Թռչնաբույծների միության նախագահին մեղադրանք առաջադրվեց. նա ընդունել է մեղքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանշիներով (Գողությունը, որը կատարվել է՝ խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Մեզ հասած լուրերի համաձայն` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Այսպես, Armlur.am-ին Շահումյանի թռչնաֆաբրիկայի գողության դեպքից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ֆաբրիկայի գողացված շատ իրեր հայտնաբերվել են ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկայի աշխատակիցների բնակարաններից:

Բանն այն է, որ Շահումյանի թռչնաֆաբրիկայի անմիջապես հարեւանությամբ գտնվում է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկան: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի ֆաբրիկայի աշխատակիցների բնակարաններից հայտնաբերվել են 15 տեսախցիկներ, որոնք եւս գողացված են եղել Շահումյանի թռչնաֆաբրիկայից:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկից գողություն կատարելու մեջ: Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր: Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ գործով ձերբակալվել էր երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է արգելանքից, եւ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Հավելենք, որ տեւական ժամանակ է, ինչ Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձում է զրուցել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, սակայն փորձերն անցնում են ապարդյուն: Նախագահը անհասանելի է:

Քնար Մանուկյան




Լրահոս