ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանին գումար չի տա:
Հիշեցնենք, որ 2013թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանում՝ հունվարի 31-ին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացվեց: Այս գործով որպես պատվիրատու կալանավորվեց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, քանի որ, ըստ մեղադրանքի, նրա տան «կաֆելչիկներ» Սամվել Հարությունյանը եւ Խաչատուր Պողոսյանն էին ցանկացել սպանել Հայրիկյանին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը էպոսագետին եւ Խաչատուր Պողոսյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին՝ 12: Նշենք, որ Պարույր Հայրիկյանի բուժման համար էլ ՀՀ Կառավարությունը տրամադրեց 20.5 մլն դրամ, որով ԱԻՄ առաջնորդը եվրոպական կլինիկաներից մեկում հոգաց իր առողջական խնդիրները:
Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով ամեն ինչ պետք է ավարտվեր, սակայն Հայրիկյանը որեւէ կերպ չէր ցանկանում թերթել այդ էջը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է, որ իր առողջությանը վնաս հասցրած դատապարտյալներին պետք է դատի տա եւ գումար պահանջի: Եւ այդպես, 2014թ. փետրվարի 27-ին նա հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից պահանջելով բռնագանձել վնասի փոխհատուցում` 42 միլիոն 524 հազար դրամի չափով:
Արդյունքում՝ շուրջ երեք տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Պարույր Հայրիկյանի հայցն ընդդեմ Վարդան Սեդրակյանի, Խաչատուր Պողոսյանի և Սամվել Հարությունյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին:
Քնար Մանուկյան