Խիստ մտահոգող թվեր. ավելի քան 9000-ով պակասել է դիմորդների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բուհերում այս տարի արձանագրվել է դիմորդների զգալի նվազում: 2017-2018 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8266 դիմորդ, թափուր է մնացել 11.375 տեղ: Իսկ 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649:

Հայաստանում օր օրի ահագնացող արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողնում Հայաստանի տարբեր ոլորտներում: Կրթական համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Ու երբ սրան գումարվում է պահանջված մասնագիտությունների ու այլեւս անպիտան դարձած որոշ մասնագիտությունների վիճակագրությունը, պատկերն առավել տխուր է դառնում:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա ընդունելության քննությունների արդյունքում, օրինակ, ԵՊՀ-ում 58 մասնագիտություններից 38-ում մնացել են 902 թափուր տեղեր: Մինչդեռ նույն ԵՊՀ-ում 2016-2017 ուսումնական տարում կար 523 թափուր տեղ: Տեղեկացնենք, որ ամբողջությամբ թափուր են մնացել ռուսաց լեզու եւ միջմշակութային հաղորդակցություն, ինչպես նաեւ եկեղեցաբանություն մասնագիտությունները:

Օրինակ՝ Երեւանի պետական համալսարանի քիմիա մասնագիտությունը եւս դարձել է անհետաքրքիր դիմորդների համար: Ընդամենը երկու ուսանող է դիմել այդ բաժին, 24 տեղ քիմիայի մասնագիությամբ թափուր է: Իսկ ֆիզիկա մասնագիտության թափուր տեղերը 47-ն են, զբաղեցրածը՝ 3: ԵՊՀ-ի կիրառական քիմիա մասնագիտությունով հետաքրքրվողները եւս երեքն են, թափուր է մնացել 23 տեղ:

Ֆրանսերեն լեզվի եւ գրականության մասնագիտությամբ զբաղեցրած տեղերը 15-ն են, իսկ թափուր մնացել է 25 տեղ: Ավելի շատ քան գերմաներեն լեզվի եւ գրականության մասնագիտության դեպքում. այստեղ թափուր է մնացել 33, բայց գոնե 7 ուսանողներ կա: Իսպաներեն լեզվի եւ գրականության մասնագիտության դեպքում 6 ուսանող կա, թափուր մնացել է 34 տեղ: Սրան զուգահեռ նկատենք, որ իրավագիտության մասնագիտությունը ավելի հետաքրքիր է դարձել դիմորդների համար. 147 հոգի կսովորեն, իսկ 26 տեղ ազատ կմնա:

Քանի որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդը շինարարությամբ է զբաղված հիմնականում, եկեղեցաբանության մասնագիտության նկատմամբ մեր երկրում դիմորդների հետաքրքրությունը իսպառ վերացել է: «Նեդաբոր» են բոլոր 25 տեղերը: Իսկ աստվածաբանության մասնագիտության համար գոնե 7 դիմորդ եղել է, թափուր մնացել է 38 տեղ:

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում լեզվաբանություն, անգլերեն մասնագիտության մասով թափուր է մնացել 27 տեղ, ընդունվել է 62 դիմորդ: Լեզվաբանություն, ֆրանսերեն լեզվի մասնագիտություն ստանալու նպատակով ընդունվել է 3 դիմորդ, 26 տեղ թափուր է: Նույն իրավիճակն է նաեւ լեզվաբանություն, գերմաներենի մասնագիտության մասով: Իսկ ահա լեզվաբանություն, իտալերենի մասնագիտության մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել, թափուր են մնացել բոլոր 29 տեղերը: Միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու մասնագիտությունը եւս ոչ ոքի չի հետաքրքրել:

Թափուր մնացել է 20 տեղ: Քանի որ լրագրությունը մեր երկրում լայն թափով նահանջում է՝ տեղը զիջելով բամբասանքային ինֆորմացիաներին, Բրյուսովի անվան համալսարանում լրագրության մասնագիտության բոլոր 34 տեղերը թափուր են: Սերվիս մասնագիտության մասով թափուր տեղերը կազմում են 103, բայց գոնե կա 21 ուսանող:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բնագիտություն մասնագիտությունը 20 տեղ թափուր ունի. դիմորդ չի եղել: Մաթեմատիկա մասնագիտության թափուր տեղերը 26-ն են, 24 դիմորդ եղել է, ընդունվել են: Շախմատի մասնագիտության թափուր տեղերը կազմել են 21, ընդունվել է երկու դիմորդ, պատմություն մասնագիտության թափուր տեղերը` 51, զբաղեցրածը` 34:
Սարսափելի պատկեր է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտությունների մասով: Երբեմնի երազանք համարվող տնտեսագիտության բաժնում թափուր է մնացել 127 տեղ, 59 դիմորդ կա:

Հաշվապահական հաշվառում եւ հարկում մասնագիտության թափուր տեղերն են 25, իսկ զբաղեցրածը` 165: Սերվիս մասնագիտությունը 11 ուսանող ունի, 38 տեղ թափուր է:

Նկատենք, որ 2017-2018 ուսումնական տարվա համար Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1641 անվճար եւ 18 հազար վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8.266 դիմորդ։ Իսկ թափուր մնացել է 11.375 տեղ:
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը՝ պարզեց, որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է: Այսպես՝ եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերն ունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649: Իսկ ահա 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8266 դիմորդ:

Եւ չնայած դիմորդների թվի շեշտակի նվազմանը՝ տարեցտարի ավելացել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը. 2016-2017 թվականներին այն կազմել է 11 հազար 276, իսկ 2015-2016-ին` 11 հազար 197:

Այս պատկերը խիստ մտահոգություններ է առաջացրել հատկապես կրթական ոլորտի մասնագետների մոտ: Նրանք համոզված են, որ ուսանողների նվազումը վատ հետեւանք է թողնելու կրթական համակարգի վրա, ինչի պատճառով բուհերը առաջիկայում կկանգնեն ֆինանսական մի շարք խնդիրների առաջ:

Չէ որ բուհերը հիմնականում գոյատեւում են ուսանողների վճարած վարձերով: Մյուս կողմից սպասելի էր դիմորդների թվի նվազումը, քանի որ հանրապետությունում պակասել է նաեւ շրջանավարտների թիվը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ստեղծված իրավիճակը փրկելու նպատակով մասնավորապես թափուր մնացած տեղերը լրացնելու համար հուլիսի 15-ից մինչեւ 20-ը կազմակերպվել էր նոր դիմում-հայտերի ընդունման գործընթաց: Իսկ թափուր տեղերի մրցույթի արդյունքները պարզ կդառնան այսօր: Արդյո՞ք սա կփրկի ստեղծած իրավիճակը, ցույց կտա ժամանակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս