«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի մարզիչների կողմից կաշառք ստանալու, ասել է, թե խաղը վաճառելու առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությամբ ամբաստանյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ եւ դատարանի որոշմամբ ուղարկվել հարկադիր բուժման:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դատարանը Առուշանյանի առողջականի հետ կապված մի քանի անգամ փորձաքննություն է նշանակել, եւ հաստատվել է, որ նա ունի լուրջ առողջական խնդիրներ: Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալներին՝ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանին, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանին, ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանին, ապա նրանց դատաքննությունը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են այն բանում, որ բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ եւ ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները` ստացել են ապօրինի շահույթ: Իսկ խաղի կանխատեսելի արդյունքները հնարավոր է եղել ապահովել կաշառքի միջոցով: Սակայն որեւէ մեկն իր մեղքը չի ընդունում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: