Սևանի ափին տեղի ունեցող երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակում անցկացվող CampFire Talk-երից մեկն անցկացրել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով արդիական թեմայի՝ բլոքչեյնների մասին։
Մասնավորապես, նա ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնների պատմության հետ, պատմել է կրիպտոարժույթի և մայնինգի մասին, ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։
«Ինձ հաջողվեց մասնակցել և ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգևորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին և հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու և ինձ հրավիրելու համար», – ասել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
Նշենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների և ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաև Beeline-ի աշխատակիցները։
Beeline-ը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից և ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը: