«Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնյա է ձերբակալվել. ով է նա և ինչով է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22 –ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նկատենք, որ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ալբերտ Ս-ն, որը անցնելով պաշտոնական լիազորությունները իրավապահների կողմից հետախուզման մեջ է եղել եւ, որոշել է «փախչել» երկրից: Եվ ահա ArmLur.am-ին իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ Զվարթնոց օդնավակայանից բերման ենթարկված անձի ինքնությունից մանրամասներ են հայտնի դարձել:

Եվ այսպես մեր հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից հետախուզվող անձը, որը ըստ էության գնացել էր «Զվարթնոց» օդնավակայան, որ «փախչի» Հայաստանից, եղել է Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ դպրոցի տնօրենը պաշտոնական լիազորություններն է անցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ահա Ալբերտ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել ստորագրությումբ չհեռանալու մասին: Դատելով ստեղծված իրավիճակից` Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը չի պահպանել օրենքը եւ, օգտվելով այն հանգամանքից, որ ազատության մեջ է, որոշել է խուսափել պատասխանատվությունից:

Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Ալբերտ Ստեփանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բան այն է, որ 2014 թվականին Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը եւ Սուսեր համայնքի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը մի լավ ծեծել էին միմյանց: Պարզվել էր, որ Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, իսկ ահա համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը նույն դպրոցում նաեւ ուսուցիչ է աշխատում:

Արդյունքում, սեպտեմբերյան մի առավոտ հաղթանդամ այս տղամարդիկ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին վայել ծեծկռտուք էին սարքել: Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք: Ծեծի այս գործը հասել էր դատարան:

Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց ու տեսել, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը: Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ:

Իրենք սկսել էին քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել:
Գուրգեն Զաքարյանն ասել էր, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Նա Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել:

Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Նա հայտնել էր, թե դեպքի օրը սպորտային համազգեստով նստած է եղել դպրոցի ուսուցչանոցում:
Գուրգեն Զաքարյանն իրեն դիտողություն էր արել՝ ասելով. «Հլը կարգին նստի»: Ինքը չի հասցրել վեր կենալ տեղից, քանի որ Զաքարյանը դիտողությունն անելուց անմիջապես հետո հարվածել է իր դեմքին: Ինքը փորձել էր պաշտպանվել: Զաքարյանը շարունակել էր հարվածներ հասցնել, իսկ ինքը նրան ընդամենը մեկ անգամ էր խփել:

Իրենց աշակերտավայել պահած և համայնքի ղեկավար, ինչպես նաեւ ուսուցիչ Զաքարյանին եւ Ալբերտ Ստեփանյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով `ծեծ:
Արդյունքում, Գուրգեն Զաքարյանը դատապարտվել էր 100 հազար դրամ, իսկ Ալբերտ Ստեփանյանը՝ 90 հազար դրամ տուգանքի չափով: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, այս ամենից հետո Ալբերտ Ստեփանյանը ըստ էության դասեր չքաղեց եւ հիմա էլ պաշտոնական լիազորություններ անցնելու գործով ներգրավված է որպես մեղադրյալ:




Լրահոս