Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռուբեն Մադսենին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Շնորհավորելով դեսպան Մադսենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալ Նազարյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում նոր որակ կհաղորդվի հայ-դանիական բարեկամական հարաբերություններին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մադսենը վստահեցրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի` տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման նպատակով:
Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։
Զրուցակիցները կարևորեցին հայ-դանիական քաղաքական երկխոսության ընդլայնումը և մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակույթի, զբոսաշրջության, էներգետիկայի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային այլ ուղղություններով հարաբերությունների ակտիվացման շուրջ։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Հյուրի խնդրանքով նախարարի տեղակալ Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի շարունակական ապակառուցողական քաղաքականությունը: