Բրոնզե մեդալները տղաների հնարավորությունների սահմանը չէ. Արշակ Հայրապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը վերադարձել է հայրենիք: Արշակ Հայրապետյանի սաները Սարաեւոյում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք բրոնզե մեդալ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն ասաց, որ բրոնզե մեդալները տղաների հնարավորությունների սահմանը չէ:

«Ավելի օբյեկտիվ մրցավարության դեպքում կարող էր եւ ոսկե մեդալ լինել: Հավաքականի անդամների 80%-ն առաջին անգամ էր հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում, եւ ես գոհ եմ արդյունքներից: Տղաները հիմնականում 2001-2002թթ. ծնվածներ են եւ աճելու տեղ ունեն»,- ասաց մարզիչը:

Առաքել Մովսեսյան (46 կգ). «Ես պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել, բայց Եվրոպայի չեմպիոն դարձած վրացի ըմբիշի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտվեցի:Կարող էի ավելի լավ ելույթ ունենալ: Սխալներիցս դասեր կքաղեմ, որպեսզի նրան հաղթեմ աշխարհի առաջնությունում»:

Գենիկ Ասատրյան (50 կգ). «Առաջին անգամ էի հանդես գալիս պատանիների Եվրոպայի առաջնությունում: Չէի ասի, թե հեշտ էր: Ամենաբարդը քառորդ եզրափակչում ռուսաստանցի ըմբիշի հետ գոտեմարտն էր եւ ադրբեջանցու հետ երրորդ տեղի համար պայքարը: Անհանգստանում էի, բայց կարողացա հավաքվել եւ հաղթել ադրբեջանցուն` դառնալով բրոնզե մեդալակիր»:

Մարտին Սիմոնյան (100 կգ). «Ցանկանում էի ավելիին հասնել, բայց կիսաեզրափակչի ռուսաստանցի մրցակիցս՝ Եվրոպայի առաջնության նախորդ տարվա արծաթե մեդալակիրն առավել փորձառու էր: Սակայն բրոնզի համար պայքարում հաջողվեց 12:1 հաշվով հաղթել ադրբեջանցուն եւ զբաղեցնել երրորդ տեղը: Որոշիչ գոտեմարտում ես ոչ թե լարվածություն, այլ մեծ պատասխանատվություն էի զգում»:




Լրահոս