ՀՀ Շիրակի մարզպետարանը թվով 9 գյուղերում իրավական եւ մասնագիտական հսկողություն է իրականացրել: Այդ գյուղերն են Ախուրիկը, Բասենը, Մարմարաշենը, Մարալիկը, Մեղրաշենը, Հովիտը, ազատանը, Կապսը եւ Կարմրաքարը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված գյուղերում իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացվել է հողօգտագործման, քաղաքաշինական, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, անասնաբուժության եւ այլ բնագավառներում:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Ախուրիկի գյուղապետ Հովհաննես Պողոսյանի հետ, ով անմիջապես հայտարարեց, որ հսկողության արդյունքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել: «Բայց թերություններ կան, այնպես չէ, որ ամեն ինչ նորմալ է: Հիմա աշխատում ենք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Հիմնականում դրանք փաստաթղթային թերություններ են: Օրինակ, մենք սանիտարական մաքրման սխեմա չունենք, որն արդեն պատրաստել ենք: Քաղաքացիական պաշտպանության բնագավառի մասով խումբ չունենք կազմած, որը երկուշաբթի արդեն պատրաստ կլինի: Այլ ոլորտներ էլ կան, որտեղ կան թերություններ, բայց աշխատում ենք դրանք ուղղել»,- ներկայացրեց գյուղապետը:
Իսկ Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանն ասաց, որ դեռ թերությունների արդյունքների վերաբերյալ ակտ չեն ստացել: Բայց գյուղապետը համոզված է, որ անպայման թերություններ կլինեն արձանագրված: «Ես հո՞ իդեալական աշխատող գյուղապետարան չունեմ կամ հո իդեալական գյուղապետ չեմ, որ թերություններ չլինեն: Կան որոշակի թերություններ, որոնք բացթողման, մի քիչ էլ` անփույթ աշխատանքի արդյունք է: Բայց լուրջ թերություններ չեն»,- հավաստիացրեց բասենցի գյուղապետը: