Հուլիսի 29-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Մոնթե Քրիստո ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ «Mercedes ML500» մակնիշի 83 MM 999 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Ա.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել դեպի գետը (մոտ 10 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և 3 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարները` shamshyan.com-ի: