Ապօրինի կերպով Հայաստանի սահմանը հատելու դեպքերը շարունակվում են: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահները Հայաստան ապօրինի մուտք գործած օտարերկրացիներին կա՛մ հայտնաբերում են գյուղերում, կա՛մ մայրաքաղաքի փողոցներում, բայց ոչ երբեք սահմանին, երբ նրանք փորձում են մեր երկիր մտնել:
Այն, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության իրականացնողները կա՛մ տեղում չեն, կա՛մ ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով՝ չեն կանխում օտարերկրացիների կողմից ապօրինի մուտքը Հայաստան, միանշանակ է. համենայնդեպս այդ մասին են վկայում մինչ այժմ պաշտոնապես բացահայտված դեպքերը:
Եվ այսպես՝ հուլիսի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ազգային անվտանգության ծառայությունը Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքից Թուրքիայի Հանրապետւթյան քաղաքացի էր ձերբակալել: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին 2017թ. փետրվարի սկզբին դեռեւս իրավապահներին չպարզված հանգամանքներում Վրաստանի տարածքով ապօրինի մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն: Նա չի ունեցել ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար սահմանված փաստաթղթեր, սակայն առեղծվածային պայմաններում հատել է ՀՀ սահմանը եւ մի քանի ամիս ազատ շրջել է Երեւան քաղաքում:
Տեղեկացանք, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հայտնաբերել էին 2017 թվականի ապրիլի 19-ին Երեւան քաղաքի Չարենցի փող. 70 շենքի մոտակայքում: Ու դեռեւս առեղծված է մնում՝ ինչու իրավապահ մարմինները չեն կարողանում կամ նպատակահարմար չեն գտնում բացահայտել, թե ինչ ճանապարհով է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Իբրահիմ Հուսեյինի Քարադաշիին Վրաստանի տարածքով ապօրինի մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:
Բայց սա միակ դեպքը չէ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թուրքիայի քաղաքացի Աբդուլբարի Կանատին՝ տեղեկանալով, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Օզգյուլ Դումանը Թուրքիայի Հանրապետության տարածքում խնդիրներ ունի եւ իր մտերիմների շրջապատում կարծիք է հայտնել, որ ցանկություն ունի ապօրինի կերպով տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, Օզգյուլ Դումանին խոստացել է, որ կլորիկ գումարի դիմաց կտրամադրի համապատասխան տեղեկություններ եւ ցուցումներ, թե ինչպես կարելի է անարգել մուտք գործել Հայաստան:
Թուրքիայի քաղաքացի Դումանին 10 հազար դոլար է տրամադրել Աբդուլբարի Կանատին՝ խորհուրդ ստանալու համար, որպեսզի նա օգնի անցնել Հայաստանի սահմանը: Եւ ահա Աբդուլբարի Կանատի օգտակար խորհուրդներով Օզգյուլ Դումանին 2017 թվականի մայիսի 23-ին Թուրքիայի կողմից հատում է Արաքս գետը, հաղթահարելով սահմանային ինժեներատեխնիկական կառույցները, սողանցելով փշալարերի տակով՝ առանց սահմանված փաստաթղթերի եւ առանց պատշաճ թույլտվության Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտով հատել է ՌԴ սահմանապահների կողմից պաշտպանվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:
Ահա թե Թուրքիայի որոշ քաղաքացիներ ինչքան տեղեկացված են հայ-թուրքական սահմանի դասավորվածության, շրջանցելու ուղիների մասին, որ անգամ այդպիսի «գործ են դրել»: Գումար են վերցնում եւ օգնում սահմանը հատել եւ Հայաստան մտնել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2016 թվականին Թուրքիայի քաղաքացի Արաֆադ Կամրուջաման Հոսսանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2016 թվականի օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից ապօրինի կերպով հատել էր պետական սահմանը եւ շարժվել դեպի ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ավելի ուշ նրան ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները:
Բայց այստեղ մտահոգիչն այն է, որ Թուրքիայիում հանցանք գործած անձինք պատասխանատվությունից խուսափելու համար կեղծ փաստաթղթեր են օգտագործում եւ Ստամբուլ-Երեւան չվերթով հատում ՀՀ սահմանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականին Կառոլ Սերաֆին Սիլվա Ռոդրիգեսը եւ Թոբիաս Հերրեռա Տարրիլոն Թուրքիայում կատարած հանցագործության համար քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Թուրքիայի Հանրապետության տարածքում ձեռք էին բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Զալի Մոզաֆարի Ֆարզադիի եւ Ֆանիմոզաֆարի Յադոլլահ Ռոոհոլլահիի տվյալներով անձնագրերը եւ դրանք օգտագործելով՝ Ստամբուլ-Երեւան KK 650 չվերթով հատել էին ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Հետո էլ ասում են, թե հայ-թուրքական «բարեկամություն» չկա: Ահա այն:
Քնար Մանուկյան