Սպիտակի քաղաքապետի գնած փուչիկներն ու շոկոլադները. ինչպես է մսխվում պետական բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ Հայաստանում աղքատության մակարդակը մոտ 30 տոկոս է, ՀՀ որոշ գերատեսչություններ անհասկանալի գնումներ են կատարում: Այդպիսի գերատեսչություների թվում է նաեւ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանը:

«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Սպիտակի քաղաքապետարանի՝ հուլիսի 10-ին հաստատված գնումների պլանը: Այսպես՝ քաղաքապետարանը գնել է 3500 լիտր բենզին, որի համար ընդհանուր վճարել է 1 մլն 120 հազար դրամ: Այսինքն՝ մեկ լիտր բենզինը գնել է 320 դրամով: Բայց սա դեռ ամենը չէ. քաղաքապետարանը գնել է եւս 3500 լիտր բենզին` վճարելով 1 մլն 295 հազար դրամ: Ի դեպ, քաղաքապետարանի աշխատակազմը նախատեսել է նաեւ վերանորոգել վարչական շենքը, որի համար ծախսելու է 4.1 մլն դրամ: Քաղաքային բյուջեի միջոցներով գնվել է նաեւ գրասենյակային 60 հատ աթոռ. մեկ հատի արժեքը կազմում է 20 հազար դրամ: 60 հատ աթոռի համար ծախսել է 1.2 մլն դրամ: Քաղաքապետարանի կողմից գնվել է նաեւ մեկ բազկաթոռ` 300 հազար դրամով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնվել է եւս մեկ բազկաթոռ` 180 հազար դրամով, իսկ գրասենյակային կահույքի համար ծախսվել է 776.5 հազար դրամ: Պարզվում է, որ 4 մլն 200 հազար դրամ ծախսվել է կահույքի եւ համակարգչային սարքավորումների ձեռք բերման համար: Իսկ ճանապարհների նորոգման համար հատկացվել է 11.7 մլն դրամ: Բայց ավելի շատ գումար` 16.9 մլն դրամ, ուղղվել է սանիտարական մաքրմանը: Միայն աղբի տեղափոխման համար` 8.1 մլն դրամ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնվել է նաեւ գրասենյակային նյութեր, ծաղիկներ եւ հագուստ, որոնց համար ծախսվել է 100 հազար դրամ: Ինչը խիստ տարօրինակ է, քանի որ կասկածելի է. ե՛ւ նյութերի, ե՛ւ ծաղիկների, ե՛ւ հագուստի համար պահանջվել է կլորիկ գումար` 100 հազար դրամ: Նշենք, որ Սպիտակի քաղաքապետարանի գնումների պլանում տեղ է գտել նաեւ նորածինների համար նախատեսված հավաքածու, որի համար հատկացվել է 50 հազար 400 դրամ: Քաղաքապետարանը իր գնումները քաղցրացրել է շոկոլադների, կոնֆետների ընտրանիներով, որոնց համար քաղաքային բյուջեից ծախսվել է 345 հազար դրամ: Նրանք նաեւ 80 հատ 5900 դրամանոց կոնյակ են գնել՝ ծախսելով 472 հազար դրամ: Ում համար են նախատեսված 80 հատ կոնյակները հարցին Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը արձագանքեց. «Դրանք մենք նվիրում ենք զինծառայողներին` Հայոց բանակի առթիվ»:

Սպիտակի քաղաքապետարանը գնել է նաեւ փուչիկներ. գնվել է 500 հատ 50 դրամանոց փուչիկ` վճարելով 25 հազար դրամ: Իսկ 700 հատ 200 դրամանոց փուչիկի համար ծախսվել է 140 հազար դրամ, 1200 հատ 100 դրամանոցի համար` 120 հազար դրամ, փուչիկի 800 հատ պոչերի համար՝ 40 հազար դրամ: Բայց Սպիտակի քաղաքապետ Գ. Սահակյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ե՛ւ փուչիկները, ե՛ւ կոնֆետները քաղաքի տոնի կապակցությամբ բաշխվում են երեխաներին: Իսկ 300 հազար դրամանոց բազկաթոռի մասով արդարացավ` նշելով. «Այդ բազկաթոռը նիստերի դահլիճի համար է, որտեղ ուղիղ հեռարձակվում են ավագանու նիստերը: Դրա վրա միայն ես չեմ նստելու: Ես բազկաթոռ ունեմ, որը գնել ենք 130 հազար դրամով»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս