Ադրբեջանական խնձորների գործը մտավ դատարան. ովքեր են մեղադրյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորների գործը մտավ դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՊԵԿ պաշտոնատար անձանց գործը քննում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը: Ինչպես հայտնի է՝ գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրման գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, որոնց անունները նախաքննությունն իրականացնող մարմինը գաղտնի էր պահում:

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավարտեց գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործով չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը:

Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՀՔԾ-ում դեռեւս տարբեր ապրանքների ապօրինի ներկրման գործով քննություն է իրականացվում, ու չի բացառվում, որ առաջիկայում այլ պաշտոնատար անձինք այս գործով հայտնվեն մեղադրյալի աթոռին:

Իսկ ինչ էին արել ՊԵԿ վերոնշյալ 4 պաշտոնատար աձինք, ինչպես էին ադրբեջանական խնձորը եւ այլ արգելված ապրանքներ թույլ տվել ներկրել Հայաստան: Նախաքննությամբ պարզվել էր, որ Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանը, առանց պատշաճ զննության ենթարկելու գյուղատնտեսական ապրանքների ներմուծմամբ զբաղվող Լեւոն Գասպարյանի ավտոմեքենան, գումար ստանալու դիմաց թույլատրել է նրա կողմից առեւտրային քանակի ապրանքի ներկրումը: Իսկ ՊԵԿ-ի նույն բաժանմունքի 4-րդ հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վահե Ասլանյանն էլ իր հերթին Հարություն Խաչատրյանի հետ փոխհարաբերությունները չփչացնելու եւ նրան պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով քողարկել էր նրա գործողությունները:

Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ իր ծառայողական պարտականությունները չի կատարել նաեւ Բագրատաշենի բաժանմունքի տեսուչ Համբարձում Դավթյանը, որը մեկ այլ տնտեսվարող Գեւորգ Ալեքսանյանի ավտոմեքենայի բեռնախցիկից վերցնելով համապատասխան գումար՝ պատշաճ կարգով չի զննել վերջինիս տրանսպորտային միջոցը:

Իսկ ահա մաքսակետում զննման գործընթաց իրականացնող մյուս տեսուչ Խաչիկ Հակոբյանը գումար ստանալու դիմաց լաբորատոր հետազոտության չէր ենթարկել մեքենաներից մեկը: Եվ ահա վերոնշյալ պաշտոնատար անձինք կլորիկ գումարի դիմաց անցել էին իրենց պաշտոնեական լիազորությունները եւ հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Վերջում ընդգծենք, որ որեւէ օրենքով կամ իրավական ակտով արգելված չէ Հայաստան ապրանք ներկրել Ադրբեջանից: Ցանկացած ոք կարող է ադրբեջանական ծագման ապրանք ներկրել Հայաստան օրինական ճանապարհով: Եւ 4 աշխատակցի պատժելով՝ խնդիրը չի լուծվում: Պետք են իրավական լուծումներ:

Քնար Մանուկյան




Լրահոս