ԱՄՆ քաղաքական շրջանակներում հերթական աղմուկն է բարձրանում. նախագահը չի վստահում իր իսկ կադրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ քաղաքական շրջանակներում հերթական աղմուկն է բարձրանում, որը կրկին հրահրված է նախագահ Թրամփի կողմից եւ սպառնում է հանգուցալուծվել առանցքային պաշտոնյաների հրաժարականներով: Թրամփի նախագահությունը, փաստորեն, իսկական փորձություն դարձավ ամերիկյան պետական համակարգի համար, եւ առաջիկա ամիսները ցույց կտան, թե որքանով է այն պատրաստ խաղալ քաոսի ու բռնապետության սահմանագծին:

Օրեր առաջ New York Times-ի հետ զրույցում նախագահ Թրամփը անկեղծացել էր, որ սխալ է վարվել սենատոր Ջեֆֆ Սեշընսին ԱՄՆ գլխավոր դատախազ նշանակելու հարցում: Թեպետ նման խոստովանություններն ընդունված է անել շատ ավելի ուշ, երբ երկու գործիչներից գոնե մեկը արդեն նախկին պաշտոնյա լիներ, սակայն Թրամփի դեպքում ոչինչ զարմանալի չէ: Նա այսօր դժգոհում է ներկայիս գլխավոր դատախազից, որը թերեւս ԱՄՆ առաջին սենատորներից մեկն էր, որը հրապարակավ պաշտպանել էր նրա թեկնածությունը` հարվածի տակ դնելով իր իսկ քաղաքական ապագան: Սեշընսը Թրամփի այն ընկերներից էր, որն ակտիվորեն մասնակցում էր նախընտրական քարոզարշավին, բանակցություններ վարում քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ: Նման բանակցություններից մեկն էլ տեղի էր ունեցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, ինչի մասին Սեշընսը նախընտրել էր լռություն պահպանել Սենատում իր հաստատման լսումների ժամանակ: Սակայն օրերի ընթացքում մամուլն ալեկոծվեց նրա ու ՌԴ դեսպանի զրույցի մանրամասներով` ստիպելով գլխավոր դատախազին խոստովանել կատարվածը:

Պարզ դարձավ, որ Թրամփի նախընտրական թիմի առանցքային ներկայացուցիչներից Սեշընսը կարող էր հետաքրքրված լինել քարոզարշավում «ռուսական հետքը» գաղտնի պահելու հարցում, ինչը մեծ կասկածներ առաջացրեց արդարադատության նկատմամբ: Սակայն ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուց հետո Սեշընսը կամովին հրաժարվեց զբաղվել «ռուսական հետքի» հետաքննությամբ` գործի վերահսկողությունը թողնելով գլխավոր դատախազի տեղակալի վրա: Սեշընսը նույնիսկ հարկադրված էր պատասխանել Սենատի հատուկ հանձնաժողովի սենատորների ամենատարբեր հարցերին եւ արդարանալ իր գործողությունների համար: Հետաքրքիր է, որ հրապարակային հարցաքննության ժամանակ Սեշընսը քանիցս խուսափել էր հարցերին կոնկրետ պատասխանելուց` պատճառաբանելով, որ չէր կարող առանց նախագահի համաձայնության հրապարակել նրա հետ ունեցած զրույցների մանրամասները:

Սակայն Թրամփն ակնհայտորեն երախտապարտ չեղավ իր գլխավոր դատախազին` անձնական զրույցների գաղտնի մանրամասները հրապարակ չնետելու համար: Նախագահը բացեիբաց քննադատեց դատախազին գործի քննության նկատմամբ վերահսկողությունից հրաժարվելու համար` ընդգծելով, որ եթե կանխավ իմանար Սեշընսի մտադրության մասին, ապա նրան չէր նշանակի այդ պաշտոնում: Թրամփը հավելել էր, որ Սեշընսը նախագահի ինստիտուտի հանդեպ անարգանք էր թույլ տվել` կանխավ իր քայլերի մասին չհայտնելով: Սակայն Սեշընսն իր քայլում բավականին ազնիվ էր գտնվել, որովհետեւ այդպիսով փորձել էր անձնական շահերն ու պետական համակարգը տարանջատել միմյանցից:

Նա հրաժարվել էր վերահսկել մի գործի քննություն, որտեղ ինքն անձամբ կարող էր շահագրգռված լինել: Իսկ անձնական շահագրգռվածության հնարավորությունը ցայսօր դեռ բացառված չէ, հատկապես, որ ՀԴԲ-ի նախկին ղեկավար Քոմին Սենատի առաջ իր հարցաքննության ժամանակ քանիցս ակնարկել էր այդ մասին: Հրաժարվելով գործի քննությանը մասնակցելուց` Սեշընսը նախ ապահովագրեց իրեն եւ ապա վերացրեց բոլորատեսակ կասկածները հետաքննության նկատմամբ: Քանի որ բնականորեն հասարակական անվստահություն կառաջանար ԱՄՆ իրավապահ համակարգի նկատմամբ, եթե դատախազը քններ իր իսկ մեղավորությունը: Ակնհայտորեն Սեշընսն ավելի բարձր է դասել ԱՄՆ պետական ինստիտուտներն ու ավանդույթները, քան իր անձնական հետաքրքրություններն ու Թրամփի նկատմամբ ունեցած հավատարմությունը: Մի երեւույթ, որ Թրամփը համառորեն չի կարողանում հասկանալ: Նրա համար անձնական նվիրվածությունը ամեն ինչից վեր է, ինչի մասին նա քանիցս հայտարարել է մասնավոր, սակայն արդեն հրապարակավ հայտնի խոսակցությունների ժամանակ:

Նկատելի է, որ Սեշընսը գործի նկատմամբ դատախազական վերահսկողությունից հրաժարվել է 3-4 ամիս առաջ, սակայն Թրամփը այդ մասին դժգոհում է միայն այժմ: Այս հանգամանքը թույլ է տալիս կասկածել նախագահի մղումների ազնվությանը: Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը փորձում է ազատվել իր իսկ նշանակած կադրերից եւ նրանց համար «հարմար» պայմաններ է ստեղծում` մղելով կամովին հեռանալուն: ԱՄՆ կառավարող շրջանակներում արդեն իսկ խոսվում է գլխավոր դատախազի հրաժարականի մասին` չհաշված այն լուրերը, որ Թրամփն ինքն է ցանկանում նրան ազատել աշխատանքից:

Իրավիճակն ավելի լարվեց, երբ նախօրեին Թրամփը կրկին քննադատեց Սեշընսին «թույլ» լինելու մեջ եւ հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա դատախազը կմնա՞, թե՞ կգնա: Վերջինս, ի դեպ, հեռանալու միտք կարծես թե չունի, եւ Թրամփը ստիպված կլինի հրամանագրով նրան ազատել պաշտոնից այնպես, ինչպես վարվել էր ՀԴԲ տնօրենի հետ: Սակայն նախագահի կողմից շռայլվող այսպիսի պաշտոնանկությունները կարող են չափազանց բացասական հետեւանքներ ունենալ` էլ ավելի խորացնելով կասկածները Թրամփի նկատմամբ ու նախագահին մեղավոր ճանաչել արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Իսկ դա ուղիղ ճանապարհ կբացի նրա իմպիչմենտի համար:

Ի դեպ, Հայաստանում նախագահի կողմից արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք լրջորեն ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ` ուղղորդելու համար Հոկտեմբերի 27-ի գործի քննությունը: Նա էլ այնժամ արագ լուծումների գնաց` հեռացնելով վարչապետ Արամ Սարգսյանին, Պնախարար Վաղարշակ Հարությունյանին, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ այլոց: Իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ 2008թ. հայտարարեց, որ 27-ի կազմակերպիչների մասով գործը ապօրինաբար էր կարճվել: Եթե Քոչարյանը լիներ ԱՄՆ նախագահ, նման քայլերից հետո անխուսափելիորեն պաշտոնանկ կարվեր, իսկ Հայաստանում նա է՛լ ավելի ամրապնդեց իր իշխանական բուրգը:

Ն. Հովսեփյան




Լրահոս