Ինչպես տեղեկացնում են Armsport.am ից՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրուց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը:
Ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղի, ինչպես նաև օգոստոսի 8-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ Մակեդոնիայում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Չհաջողվեց հաղթել «Բարսելոնային», բայց կարևորը` վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղը, մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպում: Հուսամ` այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում:
Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ` մարզիչը կասի, թե ինչ է պետք անել «Ռեալի» հետ այդ խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է: Հաղթանակի պարագայում` տիտղոս ես նվաճում»,- ասել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը նաև գնահատել է մարզասերների աջակցությունն ԱՄՆ-ում.
«Իհարկե, միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտեր: Եվ սա ոչ թե Անգլիայում է, կամ` Իսպանիայում, այլ` Միացյալ Նահանգներում: Այստեղ ևս մեծ է հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ: Մարդիկ գալիս են մարզադաշտ և դա իրենց համար տոն է: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի նրանք բավականություն ստանան խաղից:
Մենք 5 հանդիպում ենք անցկացրել, և յուրաքանչյուր խաղում ես տեսել եմ հայկական դրոշներ և հայերի: Շնորհակալ եմ բոլոր հայերին և բոլոր ֆուտբոլասերներին, որոնք եկել են մարզադաշտ և աջակցել մեզ».- եզրափակել է իր խոսքը Հայաստանի հավաքականի ավագը: