Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրա գործով դատավորը կլինի Վարդան Գրիգորյանը:
Նշենք, որ ըստ մեղադրանքի, Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորը, ինչպես նշեցինք, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն է, ով օֆշորի հայտնի գործով դատավորն էր:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար՝ մասնավորապես գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։
Օֆշորային սկանդալում շրջանառվում էին նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները:
Տեղեկացանք, որ դատավորը 1978 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։ 1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Երևան քաղաքի քննչական բաժնի պետի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում։ 1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։ 2006 թվականից մինչ օրս Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Ուսումնասիրելով 2016 թվականի տարեկան հայտարարագիրը, տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 7 մլն 300 հազար դրամ և 550 դոլար, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 11 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է կենսաթոշակից և աշխատանքի վարձատրությունից: