Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրի 7-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի 7-րդ փուլին մասնակցում է 72 սփյուռքահայ պատանի ու աղջիկ աշխարհի 13 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Վրաստանից, Լիբանանից, Քուվեյթից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից և Հունգարիայից:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը արիտունցիներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի տղաներ և աղջիկներ, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն:
Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում: Եվ ամենակարևորը՝ մասնակցելու եք հայոց լեզվի արագացված դասընթացներին: Պետք է սովորեք հայերեն, խոսեք հայերեն, որ պահեք ձեր լեզուն ու ինքնությունը: Ձեր տունը Հայաստանն է, և ուշ թե շուտ վերադառնալու եք Հայրենիք: Բարով եք եկել»:
Արիտունցիները շնորհակալություն հայտնեցին Սփյուռքի նախարարին, ծրագրի կազմակերպիչներին՝ Հայրենիքում լինելու, հայերեն սովորելու, հասակակիցների հետ շփվելու հիանալի հնարավորության համար: Ելույթ ունեցան տարբեր երկրներից ծրագրին մասնակցելու եկած երեխաները, ասմունքեցին ու երգեցին, այնուհետև շուրջպար բռնեցին: