«Անկարգ» աշխարհակարգը, Armexit-ը և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության խոստումնալից հեռանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվում է 2016թ․ հուլիսի 31-ի տարելիցի առթիվ, երբ Սասնա Ծռերը զենքը ժամանակավորապես վայր դրեցին՝ ապստամբությունը շարունակելու հնարավորությունը պահպանելու նպատակով

Սառը պատերազմից հետո առաջացած «անկարգ» աշխարհակարգը խոստումնալից հեռանկար է ստեղծում 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետության վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից Հայաստանի ազատագրման (Armexit) և հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցության համար: Դաշնակցություն, որ կարող է լուծում տալ կողմերի ռազմավարական խնդիրներին և ապահովել նրանց ազգային շահերի իրացումը Հայաստանը ներառող միջտարածաշրջանային և միջքաղաքակրթական գերկարևոր հանգույցում:
Հետսառըպատերազմյան «անկարգ» աշխարհակարգի տրամաբանությունն ավելի ու ավելի գերիշխող է դառնում նաև թիվ մեկ գլոբալ դերակատար ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ։
Զբիգնև Բժեզինսկու բնորոշմամբ, ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այսուհետև հենվելու է «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքի վրա, ինչը ենթադրում է քիչ նորմատիվներ և շատ պրագմատիզմ («Վերջին զրույց Զբիգնև Բժեզինսկու հետ», «Առավոտ» օրաթերթ, 104/5444/ 6 հունիսի 2017թ․)։
Այդ սկզբունքը, մասնավորապես, նախատեսում է․
ա) հրաժարվել տրանսդեմոկրատիզմի նորմատիվային մոտեցումից,
բ) ԱՄՆ ներկայությունն ապահովել միջնորդավորված ձևով՝ դաշնակիցներին տալով ԱՄՆ արտաքին քաղաքական ակտիվ ծրագրեր իրականացնելու հնարավորություն։

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ-ն կոշտացնում է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ինչի հետևանքով Ռուսաստանը կխրվի իր ներքին խնդիրների մեջ և այլևս ի վիճակի չի լինի շարունակելու Եվրասիական տարածքում նախատեսված ինտեգրացիոն ծրագրերը և չի կարողանալու գաղութային և ռևիզիոնիստական նկրտումներ ունենալ հարևան պետությունների նկատմամբ։
ԱՄՆ արտաքին քաղաքականության այդպիսի վերանայումը մեծ հեռանկար է բացում Հայաստան-ԱՄՆ դաշնակցային հարաբերություներ հաստատելու և դրանց մեծ ներուժը բացահայտելու և օգտագործելու համար։
Եթե Հայաստանը և ԱՄՆ-ն հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ նորմատիվների ու պրագմատիզմի հաշվեկշիռը կազմելիս իսկապես կարողանան ճշգրիտ կերպով գնահատել, որոշել և կիրառել արդյունավետություն կոչվող չափանիշը , ապա երկուստեք ձեռք կբերեն իրենց ռազմավարական շահերն իրացնելու նոր և շատ լուրջ լծակներ։
ԱՄՆ-ի համար Հայաստանը կարող է անփոխարինելի դաշնակից դառնալ.
1) Ռուսաստանին նրա Հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական առանցքից զրկելու հարցում։
Դրա հետևանքով Ռուսաստանն այլևս չի կարողանալու այդ առանցքը համադրել իր հիմնական՝ Արևմուտք-արևելք առանցքի հետ և Եվրասիական տարածքի չորս կողմերի վրա գործել որպես ինքնաբավ աշխարհաքաղաքական համալիր։ Ռուսաստանն այսօր այդ Հյուսիս-հարավ երկրորդ առանցքն ունի և դրա շնորհիվ կարողանում է ընդամենը իր ռազմական բաղադրիչի միջոցով որպես գլոբալ դերակատար լինել, քանի որ Հայաստանը նրա համար դարձել է մի յուրօրինակ գաղութ-կայազոր։ Մինչդեռ Ռուսաստանից պոկվելու, ռուսական ներկայությունից ազատվելու և ԱՄՆ դաշնակից դառնալու պարագայում Հայաստանը կչեզոքացնի այդ առանցքը։ Ռուսաստանը, կորցնելով Հայաստանը և իր Հյուսիս-հարավ առանցքի ցամաքային պլացդարմը, ստիպված կլինի շատ ավելի համեստ լինել և սահմանափակել իր նկրտումները Մեծ Մերձավոր Արևելքում։ Զուգահեռաբար՝ դրա հետևանքով ինքնուրույն գլոբալ դերակատարի կարողությունից զրկվելով, Ռուսաստանը ստիպված կլինի իր նկրտումները սահմանափակել նաև իր հիմնական՝ Արևմուտք-արևելք առանցքով և հաշտվել քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու հեռանկարի հետ։
2) Արևմուտքին Իրանի ինտեգրումն ապահովելու և այդ համատեքստում Պարսից Ծոց-Սև Ծով միջանցքն ամբողջացնելու հարցում։
Հայաստանն Արևմուտքի և Արևելքի միջև կամուրջ-միջնորդ է ոչ միայն աշխարհագրորեն, այլև իր կամուրջ-միջնորդ բազմադարյան մշակույթով ու կենսափորձով։ Այդ դերը բնորոշ և սովորական է Հայաստանի և հայության համար։ Հայկական Սփյուռքը և առաջադեմ երիտասարդությունը էական լրացուցիչ գործոններ են, որոնք բազմապատկում են այդ հարցում Հայաստանի հնարավորությունները։

Սակայն Հայաստանը կարող է վերը նշված այս խնդիրները լուծել, եթե դառնա համապատասխան տարածքային-հաղորդակցային, մարդկային և նյութական ռեսուրսներ ունեցող ինքնուրույն սուբյեկտ։
Մինչդեռ այսօր Հայաստանը զավթված է մի գաղութային համակարգի կողմից, որի հենքը (բազիս) 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով (ի դեպ, միջազգային իրավունքին հակասող) ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ Հայաստանյան գաղութային վարչակազմը և ռուսահպատակ քաղաքական վերնախավը։ Ընդ որում՝ բացահայտ կամ թաքնված ռուսահպատակ է վերնախավի ոչ միայն իշխանական հատվածը, այլև ընդդիմադիր հատվածի գերակշիռ մասը։
Սրանք որոշիչ պատճառներ են: Առանց դրանք վերացնելու չի կարող լինել հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցություն: Այս պատճառները, ի դեպ, նաև բացառում են Հայաստանում քաղաքական կերպափոխումը (տրանսֆորմացիա) ուկրաինական կամ վրացական տիպի որևէ սցենարով:
Նման իրավիճակում շատ կարևոր է ԱՄՆ առանձնահատուկ մոտեցումն ու աջակցությունը Հայաստան սուբյեկտի կայացման հարցում:
Հայաստանը գաղութացնող համակարգի բոլոր բաղադրիչները պետք է վերանայվեն:
Ներկայիս Հայաստանն այդ համակարգի մի ենթակա մասն է, իսկ վաղվա սուբյեկտ-Հայաստանը պետք է դառնա դրան փոխարինող մի նոր համակարգ:

Armexit-ի, քաղաքակիրթ ընտանիքի անդամ դառնալու և կամուրջ-միջնորդի իր առաքելությունը ստանձնելու համար Հայաստանը առնվազն պետք է.
ա) էականորեն թարմացնի իր քաղաքական ընտրախավը և գաղութային վարչակազմի փոխարեն ստեղծի ազգային կառավարություն,
բ) ազատագրվի ռուսական կախյալությունից և ներկայությունից (այդ թվում՝ դուրս գալով ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և իր տարածքից հանելով ռուսաստանյան ռազմակայանը),
գ) Արցախը և Նախիջևանը ներառելու միջոցով ձեռք բերի սուբյեկտ դառնալու համար անհրաժեշտ տարածքային-հաղորդակցային հնարավորություններ,
դ) դաշնակցի ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ և ստանձնի Իրանի ու տարածաշրջանի համար կամուրջ-միջնորդի իր ավանդական դերը:
Այսպիսի զարգացմանը զուգահեռաբար կսահմանափակվի նաև ռուս-թուրքական գործակցության լծակները, ինչը օբյեկտիվորեն կմեծացնի հայ-թուրքական հարաբերությունները մեռյալ կետից շարժելու հնարավորությունը:
Բնականաբար, տարածաշրջանի ճարտարապետությունը վերանայելու անհրաժեշտությունը և Իրանի գործոնը հաշվի առնելու և, առհասարակ՝ Հայաստանի ինտեգրացիոն առաքելությունը երաշխավորելու նպատակով Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Արևմուտք հարաբերությունների ձևաչափերը կառուցելիս կողմերը պետք է առավելագույնս առաջնորդվեն պրագմատիզմով և իրենց չկաշկանդեն նորմատիվային մոտեցումներով:
Պրագմատիզմը, մասնավորապես, հուշում է, որ արդյունավետ լինելու համար հարկավոր է ձեռնպահ մնալ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության տարբերակից և որդեգրել բովանդակությամբ միգուցե ոչ պակաս սերտ, սակայն ՆԱՏՕ-ի պարտադրող պայմաններով ու սահմանափակումներով չկաշկանդված առանձնահատուկ ռազմաքաղաքական հարաբերություններ։
Մինչ այս ամենը, ԱՄՆ դաշնակից վաղվա Հայաստանի սաղմը կարիք ունի ստեղծվելու այսօրվա Հայաստանում։ Դա չի կարող իրականություն դառնալ այսօրվա Հայաստանի ռուսահպատակ վարչակազմին ու վերնախավին ճիշտ ուղու վրա դնելու ԱՄՆ ջանքերով։ Այդ սաղմը կարող է ստեղծվել Հայաստանի ժողովրդին և նրա իրական շահերը ներկայացնող ազգային ուժերին ու գործիչներին բավարար չափով աջակցելով։ Աջակցությունը պետք է բավարար լինի ինքնակազմակերպվելու, ժողովրդի իշխանությունը հաստատելու և ազգային կառավարություն ձևավորելու համար։ Մնացած խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով։
Պետք է նաև նկատի ունենալ, որ այդ սաղմը կենսունակ կլինի, եթե ձևավորվի գաղութային համակարգից դուրս՝ որպես արտահամակարգային բևեռ և առաջնորդվի իրավունքով (այդ թվում և առաջին հերթին՝ բնական իրավունքով, որը նախատեսում է նաև ապստամբության իրավունքը) և սահմանադրականությամբ։ Այն չի կարողանա արդյունքի հասնել, եթե ձևավորվի ու գործի համակարգի գործիքներ դարձած սահմանադրության և օրենքների դաշտում, այդ թվում՝ արտախորհրդարանական ձևաչափով։
2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունները և Սասնա Ծռերի ապստամբությունը հեղափոխական շրջադարձ կատարեցին Հայաստանի հանրային գիտակցության մեջ: Հայաստանի ժողովուրդն արդեն պատրաստ է ազատվելու ռուսական գաղութատիրությունից և դաշնակցելու ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ, պատրաստ է ստանձնելու իր ավանդական առաքելությունը որպես քաղաքակիրթ համայնքի լիիրավ անդամ: Նա ազատ կամքով բացվում է աշխարհին և ակնկալում է արդյունավետ ու փոխշահավետ դաշնակցություն:

Ժիրայր Սէֆիլյան, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, բանտից
Գարեգին Չուգասզյան, Հիմնադիր խորհրդարանի նախագահ, ընդհատակից
Վարուժան Ավետիսյան, Սասնա Ծռեր խմբավորման շտաբի անդամ, մամուլի խոսնակ, բանտից
Կարո Եղնուկյան, Հիմնադիր խորհրդարանի անդամ, բանտից




Լրահոս