ՀՀ-ում հաճախ այնպես է ստացվում, որ պաշտոնյա տղամարդկանց կանայք ավելի հարուստ են լինում, քան նրանց ամուսինները: ArmLur.am-ը որոշեց ուսումնասիրել, թե որքան են կազմում ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարների կանանց ունեցվածքները:
Սկսենք օրենսդիր մարմնից: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարագրել է 10 հողամաս, անհատական բնակելի տուն և հողին ամրակցված այլ շինություն: Նրա դրամական միջոցները կազմում են 21 մլն դրամ, 17 հազար դոլար, 9500 եվրո և 7 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ տարվա եկամուտն էլ կազմել է 13 մլն դրամ, որը գոյացել էաշխատանքի վարձատրություններից և տրված փոխառություններից ստացված տոկոսներից:
Բաբլոյանի կնոջ` Մանուշակ Երիցյանի դրամական միջոցները հետևյալն են. նա ունի 335 մլն դրամ և 12 հազար դոլար: Մեկ տարվա եկամուտը կազմել է 217 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից, տրված փոխառություններից ստացված տոկոսներից: Այսպիսով, Երիցյանի ունեցվածքը ոչնչով չի զիջում ամուսնու ունեցվածքին:
Անցնենք գործադիր մարմնին. վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարագրել է 4 բնակարան և մեկ այգետնակ, ինչպես նաև`Lexus մակնիշի ավտոմեքենա: Որպես թանկարժեք գույք` վարչապետը հայտարարագրել է 3 հատ ձեռքի ժամացույց: Նրա դրամական միջոցները կազմում են 112 մլն դրամ, 2 մլն դոլար, 850 հազար եվրո և 55 մլն ռուսական ռուբլի: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ վաստակել է 5 մլն դրամ:
Վարչապետի կինը` Աստղիկ Կարապետյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է 6 մլն դրամ, 2 մլն դոլար, 1 մլն եվրո և 21 մլն ռուսական ռուբլի:
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը միայն հայտարարագրել է իր եկամուտն ու դրամական միջոցները: Հարությունյանի դրամական միջոցները կազմում են 4 մլն 600 հազար դրամ, 6500 դոլար և 1250 եվրո:
Իսկ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 15 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է միայն աշխատանքի վարձատրություններից: Գագիկ Հարությունյանի կինը` Անահիտ Խաչատրյանը ևս հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և եկամուտ: Դրամական միջոցները կազմում են 1 մլն դրամ և 12 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 396 հազար դրամ` կենսաթոշակից: