ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացրել են մաքրման աշխատանքներ
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ս/թ hուլիսի 29-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին միացել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից մաքրվել են մասնաշենքի հարակից տարածքները: Ազգային պարկի անվտանգության աշխատակիցների կողմից մաքրվել են հանրային լողափերը, իսկ մասնաճյուղերի աշխատակիցների կողմից մաքրման աշխատանքներ են իրականացվել իրենց ենթակայության տակ գտնվող տարածքներում:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Եկեք միասին պահենք ու պահպանենք մեր մայր բնությունը» կարգախոսով մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Շիկահող արգելոցի այցելուների կենտրոնի շրջակայքում, Շիկահող արգելոցում, Սոսիների պուրակում, Զանգեզուր արգելավայրում, «Արևիք» ազգային պարկում:
Բնապահպանական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացրել են ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի, Դալարիկ գետի հունի և գետափնյա տարածքների մաքրման աշխատանքները:
ՀՀ մյուս մարզերում տեղակայված տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել բնության հատուկ պահպանվող տարածքներում և համայնքների հարակից հատվածներում: