Կարեն Կարապետյանի կառավարությունը սկսել է անխնա օպտիմալացնել բոլոր այն հիմնարկները, որոնք շահույթ չեն բերում: Հիմա հերթը հասել է «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնին եւ «Հատուկպոլիկլինիկա» ՓԲԸ-ին. այդ հարցն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Նշենք, որ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնն ապահովվում է հենաշարժական և մտավոր խնդիրներով` գերազանցապես հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժօգնություն` առողջարանային ռեժիմով:
Իսկ «Հատուկպոլիկլինիկա» ՓԲԸ-ն սպասարկում է բուհերի ուսանողներին` անվճար բուժօգնություն տրամադրելով նրանց (իսկ օտարերկրյա ուսանողներին տրամադրվում են վճարովի ծառայություններ):
Ու հիմա, փաստորեն, այս երկու բուժհաստատությունների լուծարման հետեւանքով ե′ւ հաշմանդամ երեխաները, ե′ւ ուսանողները կզրկվեն անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
Ուշագրավը, սակայն, բուժհաստատությունները լուծարելու` կառավարության որոշման հիմնավորումներն են:
«Օշական» մանկական վերականգնողական կենտրոնի եկամուտի միակ աղբյուրը պետական պատվերով մատուցվող ծառայություններն են, եւ ընկերությունը փաստացի որեւէ վճարովի ծառայություն չի մատուցում:
Կան նաեւ համապատասխան հաշվարկներ. Կենտրոնի` 2016 թվականի եկամուտը կազմել է 47 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 46.9 մլն դրամ:
Ասել է, թե վերականգնողական կենտրոնը «շահույթ» չի բերում, այլ` պետբյուջեի վրա «բեռ է դարձել», ուստի կառավարությունը որոշել է լուծարել այն: Նույն վիճակն է նաեւ ուսանողներին անվճար բուժօգնություն տրամադրող «Հատուկպոլիկլինիկա» ՓԲԸ-ի դեպքում. այս ընկերության 2016 թվականի եկամուտը կազմել է 158 մլն 586 հազար դրամ, իսկ ծախսերը՝ 148 մլն 715 հազար դրամ:
Համաձայնեք, մենեջերներին հատուկ մտածողություն. եթե որեւէ ընկերություն շահույթ չի ապահովում, ապա այն պարզապես պետք է փակել ու վերջ: Ճիշտ այդպես Կարեն Կարապետյանը մայիսին առաջարկեց օպտիմալացնել հանրակրթական դպրոցները, որտեղ աշակերտների թիվը քիչ է: ԿԳՆ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել էր 20 թերբեռնված դպրոցների ցանկը: Բայց արդյունքում գործազուրկի կարգավիճակում հայտնվելու են մի քանի տասնյակ ուսուցիչներ, հիմա` նույն ճակատագիրը սպառնում է նաեւ բուժհաստատությունների անձնակազմին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ