
Հուլիսի 30-ին Սեւանի Միրաժ հանգստյան գոտում տեղի ունեցած սպանությունը համարվում է բացահայտված. հոր սպանությունը որդին չներեց:
ArmLur.am-ի հետ զրույցում Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայնտեց, որ Աշոտ Հովհաննիսյանը Միրաժ հանգստյան գոտու սեփականատերը չէ. նա պարզապես հանգստյան գոտում գումարով նավ է վարել:
Ինչեւէ, կատարված միջադեպից մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես, այն, որ Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհանիսյանի եւ Արգավանդ համայնքի բնակիչների միջեւ տհաճ խոսակցությունը սկսել է հենց նավի վրա, ու լուրեր են պտտվում, որ անձամբ Աշոտ Հովհանիսյանն է զանգահարել որդուն` Էդգար Հովհաննիսյանին, եւ հայտնել, որ խնդիրներ ունի: Ապա որդին եկել է հանգստյան գոտի ու տեսել է հորը` մահացած: Արդյունքում Էդգար Հովհաննիսյանը հոր վրեժը լուծելու համար Երեւան-Սեւան ճանապարհին սպանել է Դավիթ Առաքելյանին:
Մինչդեռ ըստ պաշտոնական հաղորդագրության` Աշոտ Հովհաննիսյանի հետ վիճաբանած Դավիթ Առաքելյանը մենակ չի եղել. նրա հետ այլ անձիք են եղել, սակայն դեռեւս գործով ձերբակալված է միայն Էդգար Հովհաննիսյանը: Արդյոք միայն Դավիթ Առաքելյա՞նն է ծեծի ենթարկել Աշոտ Հովհանիսյանին, իսկ նրա կողքին կանգնած երիտասարդները կանգնել ու նայել են, թե ինչպես է ընկերը մարդ ծեծում: Այստեղ հարց է առաջանում` ինչու է աղմակահարույց սպանությունների գործով դեռեւս ձերբակալված միայն մի անձ:
Ահա այս իրավիճակն է, որ խիստ մտահոգության տեղիք է տալիս, թե ովքեր են այն անձիք, որոնց դեռեւս իրավապահ մարմինները հապաղում են պատասխանատվության կանչել: