Հետախուզման մեջ գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը հայտնաբերվել և կալանավորվել է:
Սամսոն Սահակյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, և նրա կատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սամսոն Սահակյանի նկատմամբ հունիսի 22-ին հետախուզում է հայտարարվել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ քաղաքացին ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու նպատակով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ներկայացրած փաստաթղթերի հետ մեկտեղ 2017թ. ապրիլի 11-ին ներկայացրել է պաշտոնեական փաստաթուղթ՝ ատեստատ՝ միջնակարգ դպրոցն ավարտելու վերաբերյալ:
Ատեստատի իրական լինելու հանգամանքը ստուգելու նպատակով դեսպանության կողմից հարցում է ուղարկվել ՀՀ իրավասու մարմիններին, որի արդյունքում պարզվել է, որ նշված դպրոցի շրջանավարտների ատեստատների բաշխման մատյանում նման անուն-ազգանունով շրջանավարտ գրանցված չէ, այսինքն՝ ատեստատը կեղծ է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կեղծ ատեստատի ձեռք բերման աղբյուրը, եղանակը. ըստ քաղաքացիների ցուցմունքների՝ կեղծ ատեստատը ձեռք են բերել Ս.Սահակյանից՝ վճարելով 1500 ԱՄՆ դոլար։