Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ:
Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված կաշառք տալու, կաշառքի միջնորդության և այլ բնույթի հանցագործությունների դրվագներ:
Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանին:
Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը: Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը և, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական և օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը:
Միաժամանակ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:
Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ:
Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել և կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով և ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը:
Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար:
Այսպիսով, կատարած հանցավոր արարքների համար մեղադրանքներ են առաջադրվել.
Երեմ Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Արմեն Էբոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մարտին Ամիրխանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով, Հերիքնազ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Վարդգես Սիրականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: