Սերժ Սարգսյանը բավական մեծ կարծիք ունի միջազգային ասպարեզում իր հնարավորությունների մասին: Միայն թե, նկատենք, որ իր հնարավորությունների մասին պատեկարացումներն առավել քան անհիմն են:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն իրանական «Շաղր» թերթին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել նպաստել Իրան-ԵՏՄ, Իրան-ԵՄ համակագործակցության զարգացմանը: «Վստահ եմ, որ այս համագործակցությունը կարող է բոլոր կողմերի համար շահավետ լինել՝ իրանական ապրանքների համար բացելով 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա: ԵԱՏՄ անդամ երկրներն էլ, իրենց հերթին, հնարավորություն կստանան իրենց արտադրանքն արտոնյալ պայմաններով ներկայացնելու իրանական շուկայում:…Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար։ Մենք ԵՄ-ի հետ ունենք GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շրջանակներում մի քանի հազար անուն հայկական ապրանքներ զրոյական մաքսատուրքով կարող են արտահանվել ԵՄ: Այդ հանգամանքը ևս կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ իրանական ներդրողների համար՝ ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում»,- հայտարարել է նա:
180 միլիոնանոց շուկայի հեքիաթը վաղուց ենք լսել. Հայաստանն էլ իբր ԵՏՄ-ին անդամակացելով, պետք է օգտվեր այդ շուկայի առավելություններից, բայց այդպես էլ չհաջողվեց գրավել այդ շուկան: Շատ ավելի ուշագրավ է Սերժ Սարգսյանի՝ Իրան-ԵՏՄ եւ Իրան-ԵՄ հարաբերություններում կամուրջ դառնալու ցանկությունը: Ընդ որում, նա այդ մասին խոսել էր նաեւ այս տարվա սկզբին: Շատ ավելի վաղ, երբ լարվեցին ՌԴ-ի ու Արեւմուտքի հարաբերություններն ու միմյանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումներ կայացվեցին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրասիական միությունում՝ Եվրամիությունից կատարվող առեւտրի համար», նույն միտքը կրկնել տարբեր առիթներով՝ հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ, Իտալիա այցի ընթացքում եւ այլն: Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանի իշխանություններին ոչ միայն չհաջողվեց կամուրջ դառնալ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ, այլ՝ ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ. Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերությունները մտել են լարվածության նոր փուլ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա այս տարվա ապրիլին Իրանն ու ԵՏՄ-ն չէին կարողացել պայմանավորվածություններ ձեռք բերել ազատ առեւտրի գոտու հարցով, ընդ որում՝ այդ պայմանավորվածությունները հնարավոր չէր եղել ձեռք բերել Սերժ Սարգսյանի՝ Իրանի ու ԵՏՄ-ի միջեւ կամուրջ դառնալու հայտարարությունից երկու ամիս անց: Այնպես որ, հազիվ թե նրան հաջողվի իրագործել նաեւ այս ցանկությունը. ի վերջո, այդ ամենը կախված է ոչ թե Հայաստանից, այլ՝ Իրանից, ԵՏՄ-ի ու ԵՄ-ի անդամ երկրներից: Իհարկե, լավ է, որ Սերժ Սարգսյանը մեծ, շատ մեծ հավակնություններ ունի. որեւէ մեկը չի կարող նրան արգելել երազել: Միայն թե, երազանքն այլ է, իրականությունը՝ միանգամայն այլ:
Արման Գալոյան