
Ինձ համար անընդունելի է, երբ մենք ցեղասպանություն եզրույթն օգտագործում ենք պատեհ կամ անպատեհ առիթով: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ անդրադառնալով Շամիրամում տեղի ունեցած դեպքերի մասին:
«Իհարկե, ցավ է, բայց սա ցեղասպանություն չէ: Դեպքը տեղի է ունեցել բարեկամների միջև: Ներքին խռովությունները միջանձնային հարաբերությունների հետ են կապված, բայց սա չի կարելի Ցեղասպանություն որակել: Նմանատիպ դեպք էլ մի քանի օր առաջ եղավ Սևանում»,- նշեց նա:
Պատգամավորը հավելեց, որ մշտապես կապի մեջ է վարույթն իրականացնող մարմնի հետ և այժմ կատարվում են հսկայածավալ քննչական և դատավարական գործողություններ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում գտնվող սգո սրահում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 7 մարդ: