Գողություններ, զենքի գործադրմամբ ավազակային հարձակուկմներ… Արմավիրում հանցագործների խումբ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաեւ ապօրինի հրազեն կրելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Մեծամոր քաղաքի բնակիչ Վ. Ա.-ն ու Լ. Ս.-ն, նախապես ընտրելով իրենց ծրագրած հանցավոր արարքների կատարողներին, այդ թվում` նախկինում դատապարտված անձանց, վերջիններիս միջոցով կազմակերպել են գողությունների եւ զենքի գործադրմամբ ավազակության կատարումը:

Վ. Ա.-ի ու Լ. Ս.-ի նախաձեռնած ավազակային հարձակումը վերջիններիս ցուցումներով եւ ղեկավարմամբ կատարել է նախկինում գողության համար դատապարտված Վ. Շ.-ն, ով 29.06.2017թ.-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի բնակչի բնակարան, այնուհետեւ` զենքի գործադրմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ` պահանջելով ոսկեղեն եւ դրամ, սակայն տուժողի հրաժարվելուց հետո բնակարանից հափշտակել է 100.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների` Վ. Ա.-ն եւ Լ. Ս.-ն 2017 թվականի հուլիսին կազմակերպել եւ ղեկավարել են նաեւ Արմավիրի մարզի եւս երկու բնակարաններից կատարված գողությունները, որոնց ընթացքում տեղի է ունեցել խոշոր չափերով` 1.124.000 ՀՀ դրամի չափով գույքի հափշտակություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ, 235-րդ, 34-177-րդ եւ 177-րդ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:




Լրահոս