Հանքարդյունաբերողները` վատ հարկատուներ. ինչ է կատարվում ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած համաշխարհային շուկայում գունավոր մետաղների բարձր գներին՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների մի մասը սկսել է նվազեցնել հարկերի չափը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության հատկապես հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը:

Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Հայաստանի ամենախոշոր հարկատուն եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հիմա 5-րդ տեղում է: Այս տարվա երկրորդ եռամսյակում կոմբինատը կատարել է ավելի քան 9 մլրդ 751 մլն դրամի չափով հարկային վճարումներ: Ու թեեւ ավելի քան 6.6 մլրդ դրամի չափով մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկերը, բայց 5-րդ հորիզոնականից առաջ չի եկել: Եթե թվային պատկերն ուրվագծենք, ապա այսպիսին է իրավիճակը. անցած տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 3 մլրդ 88 մլն դրամ հարկ:

Ինչպես հայտնի է՝ ԶՊՄԿ-ն բաց եղանակով շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը: Տեղեկացնենք, որ դեռեւս 2014 թվականին «Զանգեզուր ՊՄԿ» վարչական գծով տնօրենը Վահե Հակոբյանն էր, ով Սյունիքի ներկայիս մարզպետն է: Նա նշանակվելով ԶՊՄԿ-ի տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյանին «գահընկեց արեց»: Իսկ մինչ այդ նա մոտ տասը տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ լինելով Սերժ Սարգսյանի «ներկայացուցիչը»:

ԶՊՄԿ-ի հետ փոխկապակցված ընկերություններն են՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն», «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊԸ-ն եւ «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ն: Այս ընկերությունները եւս տեղ են գտել այս տարվա հազար խոշոր հարկատուների երկրորդ եռամսյակի ցանկում: Օրինակ՝ «Մաքուր Երկաթի գործարան» ԲԲԸ-ն այս տարվա երկրորդ կիսամյակին մոտ 940 մլն դրամ հարկ ու տուրքով զբաղեցրել է ցանկի 68-րդ տեղը՝ անցած տարվա վճարած 788 մլն դրամ հարկի դիմաց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն»-ը այս տարվա երկրորդ եռամսյակում վճարել է 669 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ անցած տարվա երկրորդ եռամսյակում վճարել է մոտ 531 մլն դրամ հարկ ու տուրք:

Ինչ վերաբերում է «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ին, ապա այն միայն անցած տարվանից է խոշոր հարկատուների ցանկում եւ հիմնադրվել է 2015 թվականի հունիսին: Այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը կատարել է 962 մլն դրամ հարկային վճարում եւ հայտնվել ցանկի 65-րդ տեղում` անցած տարվա 640 մլն դրամի դիմաց:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանից դուրս եկող ոսկու 99 տոկոսը արտահանում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որն այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ պետբյուջե վճարել է 8 մլրդ 163 մլն դրամ` զբաղեցնելով ցանկի 6-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում նույն ընկերությունը գրեթե կիսով չափ պակաս հարկ էր վճարել՝ 4 մլրդ 10 մլն դրամ՝ զբաղեցնելով ցանկի 15-րդ տեղը: Նշենք, որ այն պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին եւ շահագործում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ ունի երկրի ամենախոշոր` Սոթքի ոսկու հանքի մշակման իրավունքները:

Խոշոր հարկատուների ցանկում են նաեւ «Վալլեքս» խմբին պատկանող ընկերությունները: Այս խմբի մեջ են մտնում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն («Էյ-Սի-Փի»), «Թեղուտ» ՓԲԸ-ն: «Թեղուտ» ՓԲԸ-ն «Վալլեքս գրուպ»-ի տնօրենն է գործարար Վալերի Մեջլումյանը:

ԶՊՄԿ-ից եւ «Գեոպրոմայնինգ»-ից հետո հանքարդյունաբերողների մեջ երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է: Այն շահագործում է Թեղուտի հանքավայրը: Եւ չնայած սրան` «Թեղուտ» ընկերությունը ավելի քան 1.8 մլրդ դրամով նվազեցրել է հարկերը: Այսպես՝ «Թեղուտ»ը այս տարվա երկրորդ եռամսյակում գտնվել է ցանկի 8-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել 6 մլրդ 21 մլն դրամ հարկ: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում «Թեղուտը» կատարել է 7 մլրդ 848 մլն դրամ հարկային վճարում եւ զբաղեցրել ցանկի 4-րդ հորիզոնականը:

«Վալլեքս» խմբին պատկանող մյուս խոշոր հարկատուն «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն է, որը ներառված չէ առաջին 100 հարկատուների շարքում. այն 173-րդ տեղում է եւ վճարել է մոտ 384 մլն դրամ հարկ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում գտնվելով ցանկի 341-րդ տեղում՝ վճարել է 160.5 մլն դրամ հարկ: Նշենք, որ այս ընկերության տնօրենը Վալերի Մեջլումյանի եղբոր աղջիկն է՝ Լուսինե Մեժլումյանը, ով ՀՀԿ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու էր, սակայն չընտրվեց:

Նկատենք, որ այս տարվա առաջին կիսամյակում հանքարդյունաբերության ոլորտի աճը սկսել է դանդաղել. եթե նախորդ տարի 18.8 տոկոս աճ էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում աճը կազմել է 8.9 տոկոս: Բայց որպես այդպիսի աճ, այնուամենայնիվ, ԱՎԾ-ն արձանագրել է: Մյուս կողմից՝ այս տարվա սկզբից սկսել են աճել գունավոր մետաղների` պղնձի, ոսկու գները: Եւ այս համատեքստում տարօրինակ է, որ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններից մի քանիսը նվազեցրել են իրենց վճարած հարկերը: Արդյոք այս ամենը ստվերում գործելու հետեւանք է, թե այլ պատճառներ կան, մնում է միայն ենթադրել:

Վերջում հավելենք, որ զարգացած երկրներում աշխատում են հնարավորինս չօգտագործել իրենց ընդերքի պաշարները՝ պահելով կրիտիկական ծանր օրերի համար: Սակայն Հայաստանում բոլոր հանքերը շահագործում են անխնա, գազանաբար՝ գերշահույթ ստանալու անհագ մոլուցքով եւ հընթացս աղտոտելով շրջակա միջավայրը: Ինչպես ասում են՝ ապահով Հայաստանի եւս մեկ դրսեւորում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս