Ոստիկանությունը խոշոր դրամական պարգևատրում է խոստանում Շամիրամում սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի գտնվելու վայրի մասին տեղեկությունների տրամադրող անձին: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է.
«Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը»:
Իսկ ինչ է ենթադրում այդ օրենքը
Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք
1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս եւ գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող եւ համագործակցած անձանց անհատական տվյալները:
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման եւ վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով:
3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`
1) պատգամավորների.
2) նախարարների.
3) դատավորների.
4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ դատախազության եւ այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների:
Հոդված 13. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը եւ սոցիալական պաշտպանությունը
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:
3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական եւ այլ պարգեւատրումներ: Այդ պարգեւատրումների գումարները հարկման եւ հայտարարագրման ենթակա չեն:
4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետեւանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին եւ խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:
5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաեւ հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հ.Գ. Ստացվում է` Թելման Քալաշյանն ընդհատակում է. նրան հայտնաբերելը դարձել է անհնարին և դժվարին գործողություն: Ոստիկանության հույսը քաղաքացիներն են: