ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ կառավարիչ Աքիմ Շտայներին: Շնորհավորելով ՄԱԶԾ կառավարչին իր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը գոհունակությամբ անդրադարձավ ՄԱԶԾ հետ ավելի քան 20 տարի շարունակաբար աճող համագործակցությանը, ինչի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր են իրականացվել։

ՄԱԶԾ կառավարիչ Շտայները բարձր գնահատեց ՄԱԶԾ հետ Հայաստանի երկարամյա գործընկերությունը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերության և աջակցության համար, այդ թվում՝ 2016թ․ ՄԱԶԾ գործադիր խորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում։

Դեսպան Մնացականյանն ու կառավարիչ Շտայները մտքեր փոխանակեցին համաշխարհային և երկկողմ օրակարգի մի շարք թեմաների շուրջ, որոնց թվում էին ՄԱԿ-ի զարգացման համակարգի ընթացիկ կառուցակարգային փոփոխությունները, Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված համագործակցությունը։

Աքիմ Շտայները ՄԱԶԾ աջակցությունը հայտնեց Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և ինտեգրման գործընթացին։ Երկուստեք ընդգծվեց ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի` կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների առաքելության՝ վերջերս Երևան կատարած այցի կարևորությունը։ Գոհունակություն հայտնվեց նորարարության և ստեղծարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձան Երևանում ս․թ․ մարտին կայացած «Զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրում» գլոբալ գագաթաժողովին, ինչպես նաև դրա արդյունքներն ամփոփող կլոր-սեղան քննարկմանը, որը կազմակերպվել էր ս․թ․ հուլիսին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Հանդիպմանը վերահաստատվեց, որ ՄԱԶԾ շարունակում է կարևոր գործընկեր հանդիսանալ Հայաստանի համար՝ կայուն զարգացմանն ուղղված ներդրումների խրախուսման նպատակով նոր հարթակներ և համագործակցության նոր ձևաչափեր ներգրավելու առումով։




Լրահոս