Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում: ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:
Մշակվել են մարզի 97 համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը, վերահսկվել են բյուջեների կազմման և կատարման աշխատանքները: 2017 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 1.3 մլրդ ՀՀ դրամի դիմաց համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ (84.9 տոկոս)։ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի և համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի հիմնավորվածության հարցին: Ներկայում վերլուծվում են մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների կատարողականները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից պետք է մաքրվեր 130-ը, մնացածը գործող աղբավայրեր էին: Մայիսի 27-ին ու հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների ընթացքում 130 աղբավայրից մաքրվել ու փակվել են 125-ը: Այժմ քննարկվում են համայնքներում աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկի ընդլայնման, ֆիքսված դրույքաչափի սահմանման և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման տարբերակները:
Արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով: Ուսումնասիրվել են մարզի դպրոցների շենքային պայմանները, քննարկման փուլում է մինչև 50 աշակերտ ունեցող 5 դպրոցում և 51-100 աշակերտ ունեցող 8 դպրոցում ֆինանսական գործունեության բարելավման և կրթական գործընթացն առավել պատշաճ պայմաններում կազմակերպելու հարցը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մի քանի դպրոց միավորելու առաջարկություններ: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման խնդիրը ևս ընթացքի մեջ է:
Ենթակառուցվածքների բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 5.3 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ, ճանապարհաշինության ոլորտում ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզն ակտիվ համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ՝ ներդրումների ներգրավման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարզում գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության բարեկեցության աճը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է: Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է: Այս համեմատականները դրվել են Արմավիրի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության հիմքում, դրանցով պայմանավորված որոշվել են մարզի ուժեղ ու թույլ կողմերը և մշակվել են ծրագրեր՝ ուղղված հենց այս թիրախներին: Այդ համատեքստում էլ կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի զգալի մասը հենց մարզում առկա գյուղատնտեսական ու արդյունաբերական ձեռնարկությունների առողջացման ծրագրերն են: Գոհունակություն հայտնելով կատարվող քայլերից՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունը քննարկում է պետական աջակցության գործիքակազմի միջոցով բիզնես ծրագրերի խթանման հնարավորությունները:
Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում գումարների հավաքագրման կատարողականին: Նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն, թերպլանավորում և թերհավաքագրում կա՝ վարչապետը հանձնարարել է վերլուծություն կատարել յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների վերաբերյալ ու ըստ այդմ սահմանել համապատասխան թիրախներ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ոռոգման ջրի մատակարարման վիճակի, տարերային աղետներից պաշտպանության համակարգի, պետական աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: Վարչապետը նախ և առաջ անդրադարձել է ջրամատակարարման գործընթացի կազմակերպման ոլորտում կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանմանը: «Գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանման համար մենք առաջնային ենք համարում փոքր ու միջին ջրամբարների կառուցումը: Դա բերելու է 1 խմ ջրի պահպանման ծախսերի նվազմանը, որովհետև մեծ ջրամբարի կառուցման հաստատուն ծախսերն ավելի շատ են: Մենք հետևողական գնալու ենք դրան», – ասել է վարչապետը՝ հանձնարարելով աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Նշելով, որ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր կա՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը: Կարևորելով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրի շահավետության վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին վերլուծություն ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի մեքենայացման շահութաբերության և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:
Վարչապետ Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ: Ներկայացվել են նաև բիզնես միջավայրի աշխուժացման և հնարավոր ներդրողների ներգրավման, մարզպետարան-շահագրգիռ գերատեսչություններ-առևտրաարդյունաբերական պալատ-գործարարներ համագործակցության ուղղությամբ աշխատանքները, հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի ծրագրերը: