Պատերազմի հավանականությունը մեծացել է. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների եւ ջախջախիչ հարվածներ է հասցնելու ադրբեջանական կողմին:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի (Ռուսաստան) Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններն արվում են այն պատճառով, որ նոր պատերազմի հավանականությունն ավելացել է:

-Պարո՛ն Եվսեեւ, ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի կողմից նման հայտարարություններն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում:

-Որպես ռազմական փորձագետ՝ ես խելամիտ եմ համարում հայկական զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ կատարելը տարածքների մեծացման համար: Ապրիլյան պատերազմի ամենացավոտ հետեւանքներից մեկը եղավ այն, որ մի շարք տարածքներ հայկական կողմը կորցրել է: Իսկ հայկական կողմից նման հայտարարություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է: Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով եւ հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պատերազմի, եւ դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահմանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, եւ որի հետեւանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ: Այսինքն՝ ադրբեջանական կողմից կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները ընդլայնվում են, եւ այն տեղեկությունները, որ մենք պարբերաբար ստանում ենք, վկայում են այն մասին, որ պատերազմը մոտենում է: Ես Ղարաբաղում եղել եմ այս տարվա փետրվարին եւ կարող եմ ասել, որ արդեն այն ժամանակ լարվածություն կար, որը մեծացավ մայիսին: Դրանից հետո այլ դեպքեր եւս եղան սահմանին` ներառյալ ադրբեջանցի կնոջ եւ երեխայի մահվան դեպքերը, որոնք բոլորը պատերազմի նախապայմաններ են: Միանշանակ կարող ենք ասել, որ պատերազմի հավանականությունը մեծացել է:

-Նման հայտարարութուններ արվում են նաեւ ադրբեջանական կողմից: Ի՞նչ եք կարծում, ո՞ր կողմն ավելի մեծ հնարավորություն ունի իրականացնելու իր ծրագրերը:

-Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, դա քչերին է հետաքրքրում, քանի որ տեղեկատվական պատերազմ է եւ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Այդ առումով հայկական կողմն ավելի օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, եւ եթե Լեւոն Մնացականյանն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ կա: Նախորդ տարի հայկական զինված ուժերը համալրվել են, դրանց կիրառումը տեսանք նաեւ այս տարի: Այսինքն՝ սպառազինության բալանսը կարգավորված է` շնորհիվ նաեւ անցյալ տարի հայկական կողմին տրված զենքի: Ադրբեջանական կողմն ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները հաղթանակ է համարում` չնայած իրենց կողմի բազմաթիվ կորուստների: Որպեսզի նոր սցենար չլինի, պետք են հարձակողական գործողություններ` նոր տարածքներ ձեռք բերելու համար, որոնք կարող են փոխարինվել ապրիլին կորցրածով:

-Այսինքն` հայկական կողմը պետք է առաջի՞նը հարձակվի:

-Ես կարծում եմ, որ հայկական կողմն առաջինը չի հարձակվի, սակայն հայկական կողմն իրավունք ունի հարձակվելու ադրբեջանական կողմի գործողությունների դեպքում: Եվ Լեւոն Մնացականյանի հայտարարությունը եւս այդ մասին էր, որ հարձակման դեպքում հայկական կողմն ունակ է թե՛ պաշտպանվել, թե՛ ինքը հարձակվել եւ վնասներ պատճառել: Հենց նոր պատերազմի հավանականության վտանգն է նման հայտարարութուններ անել ստիպում:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմի պատրաստվածությունը ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ մակարդակում է գտնվում:

-Ես կարծում եմ, որ հայկական կողմը նաեւ տեխնիկապես ամրապնդվել է: Իհարկե, մարտական ոգին միշտ եղել է, սակայն տեխնիկապես հայկական կողմը կաղում էր: Դա առաջին հերթին վերաբերում էր հենց գիշերային տեսանելիության սարքերին եւ այլ միջոցներին: Այժմ այդ հարցերը լուծված են, ռուսական կողմից եւս նոր տեխնիկա է տրամադրվել, օրինակ՝ «Սմերչ», «Սոլնցեպեկ», նաեւ հայկական կողմում այդպիսի տեխնիկայի առկայությունը կարեւոր է: Այսօր հայկական կողմն ունակ է ոչ միայն պաշտպանվել, այլեւ ինքնուրույն հարձակողական գործողություններ իրականացնել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս