Լոռու մարզում կենսաթոշակառուների թիվը նվազել է` 52120-ից դառնալով 50874: Ասել է, թե 1246 թոշակ ստացողների չափով թիվը նվազել է: Այս մասին Լոռու մարզպետարանում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի անցկացված նիստում հայտարարել է հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը:
Ըստ Ջաղինյանի՝ իջել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց թիվը` 19382-ից դարձել է 18449: Ծնողազուրկ երեխաների պարագայում նույնպես թվերի նվազում ունենք՝ 291-ով: Ըստ հանձնաժողովի քարտուղարի՝ վերլուծությունը փաստում է այն մասին, որ թվային պատկերի փոփոխությունը պայմանավորված է բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչների փոփոխությամբ:
Այս առումով մի շարք ահազանգեր են ստացվում մարզի բնակիչներից, որոնք հայտնում են, թե հանձնաժողովը պարբերաբար տարատեսակ պատճառաբանություններով հրաժարվում է հաշմանդամության կարգ տրամադրել:
Չնայած ներկայացված վիճակագրությանը` հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Լոռիում շարունակում են պակասելու փոխարեն ավելանալ՝ միջավայրի անմատչելիության ու զբաղվածության, մինչև իսկ հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված խնդիրներ:
Եթե մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին ներմուծվեցին հարմարեցված երթուղայիններ, ապա Լոռու մարզում վիճակը նույնն է: Ուղեկցողների կամ այլ անձանց օգնությամբ քայլակներով երթուղային բարձրանալը քիչ թե շատ հնարավոր է, անվասայլակներով, մեղմ ասած, անհնար է:
Մարզկենտրոնի փողոցների երթևեկելի գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները կառավարության որոշմամբ պետք է կահավորված լինեն թեքահարթակներով և հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացնող միջոցներով, որը չի պահպանվում Լոռու մարզում, կամ էլ՝ չնչին մասով է միայն կիրառվում:
Հայաստանի Կույրերի միավորման Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Հովիկ Ծատուրյանի խոսքով՝ վանաձորցի կույրերը դժվարանում են անգամ փողոցն անցնել՝ լուսաձայնային լուսացույց չկա:
Ու չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Վանաձորում պետական ու մասնավոր շինություններում ավելացել են թեքահարթակները, պետք է արձանագրել, որ հանրային օգտագործման հին շենքերի, ժամանցի վայրերի, սննդի կետերի ու որոշ դպրոցների մուտքեր շարունակում են անմատչելի մնալ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:
Էդվարդ Արզումանյան
Լոռի