Երևանյան խանութի գանձապահից 475 հազար դրամ վերցրած գնորդը ներկայացել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի հագուստի խանութներից մեկում գանձապահի սխալի արդյունքում 475 հազար դրամ վերցրած կինը օգոստոսի 6-ին ներկայացել է ոստիկանության բաժին և վերադարձրել ամբողջ գումարը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Կինը հայտնել է, որ շփոթմունք է տեղի ունեցել, հեռուստացույցով իմացել է ոստիկանության հայտարարության մասին, որից հետո ներկայացել է ոստիկանության բաժին:

Հիշեցնենք` օգոստոսի 2-ի երեկոյան մի քաղաքացի ահազանգել է Էրեբունու ոստիկանության բաժին և հայտնել, որ առևտրի կենտրոնի հագուստի խանութներից մեկում, որտեղ ինքը գանձապահ է աշխատում, իր հոգնածության և անուշադրության պատճառով համակարգչում 50 հազարի փոխարեն մուտքագրել է 500 հազար դրամ և գնորդին վերադարձրել 475 հազար դրամ 25 հազարի փոխարեն: Խանութի անվտանգության և դրամարկղի հսկիչ տեսախցիկների տեսագրությունների վերծանմամբ հնարավոր է եղել տեսնել ողջ գործընթացը, որտեղ երևացել էր նաև գնորդը:




Լրահոս