ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2017 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 22:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք` ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2002թ., ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Վանաձորի դպրոցներից մեկի մոտ վայր ընկնելու հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը նշված մարմնական վնասվածքն ստացել է վիճաբանության ժամանակ, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս անչափահաս է՝ ծնված 2001 թվականին:
Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչների միջև վիճաբանությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի մոտ, որի ընթացքում էլ 15-ամյա պատանին դանակահարվել է։ Մարմնական վնասվածք է հայտնաբերվել նաև 16-ամյա կասկածյալի վրա, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է նույն վիճաբանության ժամանակ։
Նախաքննության ընթացքում Վանաձոր քաղաքի 15-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, 16-ամյա կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և ամբողջական քննությունն ապահովելու ուղղությամբ: