«Հյուման ռայթս հաուս Երևան»-ը զեկույց է ներկայացրել, որում ասվում է.
«2017-ի հունվարից հուլիս ամիսներին դիտարկված ճնշումների և իրավախախտումների դեպքերը հիմք են արձանագրելու, որ Հայաստանում իրավապաշտպանների և իրավապաշտպան գործունեության պայմանները անբավարար են՝ քաղաքացիների և հանրային խմբերի շահերն ու իրավունքները լիարժեքորեն պաշտպանելու համար։
Հիմնարար աննպաստ գործոն են իրավապաշտպանների, իրավունքների և հանրային շահերի պաշտպանների, բնապահպանների, փաստաբանների հանդեպ պետական ինստիտուցիոնալ խոչընդոտները, անհավասար վերաբերմունքը և բիզնես կառույցների առաջացրած արգելքները։
Ակնառու է, որ իրավապաշտպանները և հանրային շահերի պաշտպան ակտիվիստները բախվում են ոչ միայն Հայաստանի անկատար դատաիրավական համակարգին, այլև պետության կառավարման հաստատությունների (անգամ Երևանի քաղաքապետարանի) առաջացրած խոչընդոտներին, պետականամերձ հաստատությունների, պետության կողմից խրախուսվող պահպանողական մշակույթի, ինչպես նաև վերջին տարիներին թափ առած հակաիրավապաշտպան ակտիվիստների և բիզնես ոլորտի ու կուսակցական շահերի ջատագով ՀԿ-ների առաջացրած արգելքներին:
Հանրայնորեն տեսանելի գործիչները և իրավապաշտպանները (հատկապես կանանց և ԼԳԲՏ+ իրավապաշտպանները) դառնում են բարոյական պարսավանքների, ատելության և թշնամանքի թիրախ։ Հատկանշական է, որ այսպիսի թիրախավորման արշավները կառավարվում և ուղղորդվում են պետական մարմինների հովանավորչությամբ։
Որպես հետևանք վերջին տարիներին Հայաստանում ծաղկում են ապրում կոնկրետ կուսակցական և պետական գործիչների հետ փոխառնչվող, ծպտյալ կերպով Հայաստանում ռուսամետ քաղաքականությանը և մեծ բիզնեսի շահերին աջակցող հասարակական կազմակերպություններ, որոնք ոչ միայն լուտանքներ, զրպարտություն, ատելության խոսք և սպառնալիքներ են տարածում իրավապաշտպանների հասցեին, այլև առաջ են մղում տվյալ քաղաքական հոսանքների շահերը՝ ի հաշիվ Հայաստանի քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության։
Ամբողջական զեկույցը` այստեղ: