Մեծ հրճվանքը հասկանալի չէ. ինչո՞ւ են Հայաստանում Իրանի հայտարարությունն այլ կերպ ներկայացնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իր ամառային արձակուրդն ընդմիջած Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, մեկնել է Իրան: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս արած հայտարարությունները մեծ ոգեւորություն են առաջացրել իշխանական ճամբարում: Բանն այն է, որ Իրանի նախագահն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Ավելի ուշ այս թեմայով հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարարի խոսնակը՝ ասելով, թե իրենք ուշադրությամբ հետեւում են տարածաշրջանում զարգացումներին ու թույլ չեն տա, որ Արցախյան հակամարտությունը վնասի իրենց սահմանային տարածքների բնակչությանը:

Եւ ահա, այս հայտարարություններից հետո ոչ միայն իշխանությունները, այլեւ իշխանական պատվերով քաղաքագետ կամ իրանագետ աշխատողները հեռուն գնացող եզրակացություններ են անում՝ որակելով Ադրբեջանին ուղղված խիստ նախազգուշացում:

Բայց շտապենք հիասթափեցնել. նման խոսքեր իրանական կողմը հնչեցրել էր նաեւ շատ ավելի վաղ. 2016թ. դեկտեմբերին Հայաստան այցի ժամանակ Իրանի նախագահը խոսել էր արցախյան հիմնախնդրից՝ ասելով. «Հայաստանը եւ Ադրբեջանը մեզ համար հարեւան եւ բարեկամ երկրներ են, եւ մենք ցանկանում ենք, որ Ղարաբաղում ականատեսը լինենք քաղաքական եւ բանակցային ճանապարհով կայուն խաղաղության հաստատմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անտարակույս, կայուն խաղաղությանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, եւ պետք է բանակցությունների միջոցով, միջազգային նորմերի համաձայն՝ հասնենք տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանը»: Այնպես որ, Ս. Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ եւս արտառոց հայտարարություն չի հնչել. Իրանը փորձում է հավասարակշռված, չեզոք դիրքորոշում ցուցաբերել երկու հարեւան երկրների նկատմամբ, ինչպես որ պահանջում են իր պետության շահերը եւ դիվանագիտական էթիկետը: Եւ առանձնապես մեծ հրճվանքը հասկանալի չէ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս