«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականների եւ ՕՐՕ դաշինքի համակիրների հետ բախումների գործը ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է՝ ծեծկռտուքը ուղեկցվել էր հրազենի գործադրմամբ. Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը ՕՐՕ դաշինքի համակիրներին ապօրինի զենքով մարմնական վնասվածքներ էր հասցրել:
Բայց փոխոստիկանապետ Երանոսյանը փորձել էր ջրից չոր դուրս բերել ՀՀԿ-ականին. արդյունքում՝ դատարանը Սարգսյանի համար պատիժ էր սահմանել մեկ տարի ազատազրկումը, սակայն որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան եւ դատարանի դահլիճից նրան ազատ էին արձակել:
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով մեղադրող դատախազ Վահագն Պողոսյանը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել՝ պահանջելով ՀՀԿ-ական փոխգյուղապետի նկատմամբ պատիժ սահմանել ազատազրկման ձեւով: Թե ինչու է դատախազությունը որոշել նման խստություն ցուցաբերել, կարելի է միայն գուշակել. հավանաբար փորձում են տպավորություն ստեղծել, թե նախընտրական հանցագործությունների նկատմամբ անողոք են:
Նման բովանդակությամբ վերաքննիչ բողոքներ դատախազությունը նեկայացրել էր նաեւ ընտրակեղծարարների գործերով՝ պահանջելով նրանց եւս ազատազրկել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: