ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ ընդդիմության ընտրակեղծարարը «քնած էր մնացել», նրա գլխին «սև ամպեր են կուտակվում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանները մեկը մյուսի հետևից հրապարակում են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակեղծարարների գործով վճիռները:

Այս անգամ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ընդդիմադիր ընտրակեղծարարի գործով վճիռը:

Հայտնել էինք, որ Վայոց ձորի 36/25 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ է արել ընդդիմության ներկայացուցիչը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից, հանձնաժողովի անդամ Մուշեղ Մկրտչյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս ասել էր, թե. «Իմ հետ կատարվածը պատահականություն էր, երեք օր չէի քնել: Նախ մարտի 31-ին չէի քնել, ամսի մեկին էլ չհանգստացա, վստահված անձերի հետեւից գնալ-գալ նման բաներ: Ապրիլի 2-ին՝ 5:30, եղել եմ Չիվա համայնքում: Առավոտյան 9-ի կողմերն էր մասնակցեցի քվեարկության եւ քվեարկեցի «Կոնգրես-ՀԺԿ»-ի համար, շատ լարված էի այդ օրը:

Անընդհատ ցուցակի մոտ, անընդհատ հետեւել էի ընտրության ընթացքին: Մեկ էլ հանձնաժողովի երեխեքը ասեցին, թե բա, չգնանք, մենք էլ քվեարկենք, ես էլ մեխանիկորեն գնացի: Այնքան էի հոգնել, որ մոռացել էի` առավոտյան արդեն քվեարկել եմ: Այդպես գնացի, անձնագիրս քաշեց սարքի վրա, մատս տվեցի, ու ազդանշանը միանգամից միացավ: Ես այդ պահին անմիջապես հիշեցի, որ մասնակցել էի: Արագ կանչեցի հանձնաժողովի նախագահ Աշոտին ու ասացի, որ շատ արագ արձանագրություն կազմի, քանի որ սխալվել եմ: Այդքան բան»:

Ինչեւէ, այս գործը ապրիլի 11-ին ուղարկվել էր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Եվ ահա, երեք ամիս տեւած դատաքննությունից հետո գործը նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը հրապարակեց Մուշեղ Մկրտչյանի մասով վճռը:

Ըստ այդմ` նրան դատապարտեց ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, սակայն սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Նկատենք, որ հանուն իշխանության ընտրակեղծարարության դիմած կամ ընդդիմության դիմած անձիք այսքանով իրավիճակից չեն ազատվում: Բանն այն է, որ մեղադրող դատախազները բողոք են ներկայացնում ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով ազատազրկել ընտրակեղածարարներին: Իրավիճակը նույնն է նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ Մուշեղ Մկրտչյանի դեպքում:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս