ArmLur.am-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով պատրաստ է «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար ներդրումներ կատարել և արդեն մեկ տարի է, ինչ բանակցություններ է անցկացնում ՀՀ կառավարության հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, «Նաիրիտ» գործարանի մասին ասուլիսի ընթացքում անվստահություն նկատվեց թե′ Ձեր անձի, թե′ առհասարակ գործարանի վերագործարկման ծրագրի շուրջ: Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:
-Ո′չ իմ անձի հանդեպ է եղել անվստահություն, ո′չ էլ մեր ծրագրի, այլ ուղղակի եղել է անտեղյակություն նոր նշանակված վարչապետի կողմից: Հոկտեմբերի 6-ին, երբ մենք հանդիպեցինք կառավարության հետ, նոր վարչապետը բացարձակ պատրաստ չէր հանդիպմանը և գաղափար անգամ չուներ՝ ինչ ենք մենք առաջարկում:
Ավելացնեմ նաև այն, որ ամենայն հավանականությամբ, ՀՀ նախագահից նա ստացել էր կարգադրություն` հանկարծ մեզ հետ որևէ լուրջ պայմանավորվածություն չունենա և վարվել էր ճիշտ այդ կարգադրության տառին և կետին համապատասխան: Քանզի վարչապետի ելույթներն ԱԺ-ում հաստատում էին այն, ինչ ես նոր ասացի, որ Կարեն Կարապետյանը ստացել էր ոչ մի դեպքում «Նաիրիտը» չգործարկելու կարգադրություն:
Երեկվա հանդիպումը կառավարության հետ մեր համառ ճնշման տակ կայացած որոշում է, և ես կարծում եմ, որ սա արվել է նրա համար, քանի որ ուրիշ ելք չունեն, քան մեզ հետ բանակցելը: Սա նշանակում է, որ մենք պետք է սպասենք դեռևս պատերազմի՝ վերականգնման շուրջ, և ես հույսս դնում եմ ավելի շատ այդ բողոքավոր զանգվածի վրա, որ ամեն հինգշաբթի ստիպում է Կառավարությանը լսել իրենց, քան հույսս դնում եմ Կառավարության և վարչապետի ողջամտության վրա: Դա անել ես չեմ կարող:
-Իրատեսական չեն համարում Ձեր ծրագիրը…
-Թերահավատություն չկա. ում մոտ մենք խոսում ենք, նրանցից ոչ մեկը ոչինչ չի հասկանում: Գաղափար անգամ չունեն, և ո՞նց կարող են թերահավատ լինել մի հարցի շուրջ. եթե գաղափար անգամ չունեն: Ո՞վ ունի գաղափար, Ֆինանսների նախկին փոխնախարար Սուրեն Կարայանը, ով հիմա նախարար է: Նա Նաիրիտ կարդացել է ընդամենը լրատվության մեջ և գաղափար անգամ չունի:
Կարեն Կարապետյա՞նը, որը գազից այն կողմ ոչ մի գաղափար անգամ չունի Հայաստանի տնտեսության մասին, առավել ևս Նաիրիտի: Ո՞նց կարող են անհավատ լինել, եթե ես ունեմ մարդիկ Հայաստանից, ինչպիսին արդյունաբերության նախկին փոխնախարար Վարդան Վարդանյանն է:
Ես ո՞նց կարող եմ նրա կարծիքի կողքին հանկարծ լսել Աշոտ Մանուկյանի կարծիք, որն էներգետիկայի նախարար որպես դեռ իրեն պետք է ցույց տա: Նա նույնպես Նաիրիտ անունը լսել է միայն մամուլից: Թող ներող լինեն, պարոնա′յք, բայց նրանց ոչ ոք իրավունք չի վերապահել լինել փորձագետ և հավատալ կամ չհավատալ գործարանի ապագային: Սրա տակ ընդամենը քաղաքական խաղեր են:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը