Հայաստանում գրանցվում են Կոկսակի վիրուսի դեպքեր. ինչպես խուսափել դրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը, տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր:

Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով:

Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին:

Էնտերովիրուսներն առանձնահատկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային), օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը:

Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է:

Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով:

Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝

– Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց:

– Մեկնելու դեպքում՝

Լողալ միայն թույլատրված վայրերում,

Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից,

Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում,

Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում:

Հանգստից վերադարձողներին խորհուրդ է տրվում`

– Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

– Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ:




Լրահոս