Խիստ պատիժ՝ անտառային ապօրինի ատումների համար. նոր նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանդես է եկել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով, որի նպատակն է ավելի խիստ պատիժներ սահմանել անտառային ապօրինի հատումների համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի ընդունման արդյունքում անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ, և պետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը:

«Բացի այդ, Նախագծի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը»,- նշում է ՀՀ քննչական կոմիտեն:

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացնում է իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Սահմանադրական այս իրավունքը զերծ չէ տարաբնույթ ոտնձգություններից, սակայն պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ պաշտպանել շրջակա միջավայրը և ապահովել անվտանգ շրջակա միջավայր մարդկանց համար:

Էկոլոգիական իրավունքի առավել կոպիտ և վտանգավոր խախտումները հանդիսանում են հանցագործություններ և պատժելի են անգամ ազատազրկման ձևով պատիժներով՝ հիմք ընդունելով էկոլոգիական իրավունքի խախտման առկա և նախատեսվելիք հետևանքները, դրա ազդեցությունը մարդկանց և ազգաբնակչության առողջության վրա:

Ելնելով մարդկանց, հասարակության, պետության համար պատշաճ բնական միջավայրի պահպանության անհրաժեշտությունից և այն փաստից, որ շրջակա բնական միջավայրը չի ճանաչում պետական սահմաններ, պետությունները պարտավոր են պատշաճ ուշադրություն դարձնել բուսական աշխարհի պաշտպանությանը: Առկա գլոբալ բնապահպանական հարցերը (կլիմայի փոփոխություն, օզոնային շերտի քայքայում, կենսաբանական բազմազանության կրճատում) արդեն իսկ բացասական են ազդում մարդկանց առողջության և անվտանգության վրա, հետևաբար մարդու գործունեությամբ պայմանավորված բացասական ազդեցությունը նվազեցնելուն ուղղված արդյունավետ միջոցների կիրառումը խիստ արդիական է և անհրաժեշտ:

Էկոլոգիական բացասական հետևանքների դեմ պայքարն իրականացվում է 4 ուղղություններով.

1 . կանխարգելիչ գործողությունների իրականացում,

2 . բուսածածկի և էկոհամակարգերի պաշտպանություն,

3 . արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացում,

4 . համագործակցություն:

Սույն Նախագծով առաջարկվող լուծումները հանգեցնում են արդյունավետ պատժիչ քաղաքականության իրականացմանը:

Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 23-25 հունիսի 1998 թվականի նախարարների չորրորդ կոնֆերանսում էկոլոգիական քաղաքականության հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Կոնվենցիան, որտեղ հանգամանալից անդրադարձ է կատարվում շրջակա միջավայրի պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն ու էկոլոգիապես անվտանգ զարգացումն ապահովելու անհրաժեշտությանը: Միաժամանակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ ընդունում է անհրաժեշտ օրենսդրական, կանոնակարգող և այլ միջոցներ, ներառյալ միջոցներ` ուղղված սույն կոնվենցիայի տեղեկատվության մատչելիությանը, հասարակայնության մասնակցությանը, արդարադատության մատչելիության դրույթների իրականացումը կարգավորող նորմերի համատեղելիությանը, ինչպես նաև պատշաճ միջոցներ՝ ուղղված այդ դրույթների կիրառման ապահովմանը` սույն Կոնվենցիայի դրույթների իմպլեմենտացիայի նպատակով` հստակ, թափանցիկ և համաձայնեցված դաշտ ձևավորելու համար:

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին» 19.09.1979 թվականին Բեռնում ընդունված կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 01.08.2008 թվականին, ևս նախատեսում է բնական միջավայրի պահպանության վերաբերյալ նորմեր: Մասնավորապես՝ նշված Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի համապատասխան և անհրաժեշտ օրենսդրական ու վարչական միջոցներ` 1-ին հավելվածում նշված վայրի ֆլորայի տեսակների հատուկ պահպանությունն ապահովելու նպատակով: Պետք է արգելվի նման բույսերը դիտավորությամբ պոկելը, հավաքելը, կտրելը կամ արմատախիլ անելը:

Պետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացումը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ այդ գործընթացին լիարժեքորեն ներգրավված են և՛ պետությունը, և՛ հասարակությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար, սակայն այդ հոդվածի մասերի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին և ծանրության աստիճանին»,- նշված է հիմնավորման մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 296-րդ հոդվածում`

1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»;

2-րդ մասի 2-րդ կետում «տարածքներում» բառից հետո լրացնել «կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում» բառերը;

2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

7) կատարվել է շահադիտական դրդումներով»;

2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»

3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:

Հոդված 2. Օրենսգրքի 297-րդ հոդվածում

1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու» բառը «չորս» բառով.

2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տաս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:




Լրահոս