ՀՀ թռչնաբույծների միության նախագահի գործը հետաքրքիր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից գողություն կատարելու դրդչության մեջ: Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ գործով ձերբակալվել է երեք անձ` երկուսը գողություն կատարելու, մեկը` գողության դրդչության կասկածանքով: Սակայն դատախազությունն ազատել է նրանց արգելանքից, եւ երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Ավելի ուշ Սերգեյ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանշիներով (Գողությունը, որը կատարվել է՝ խոշոր չափերով պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, թալանված ընկերության տնօրինությունը մտավախություն ունի, որ գործն օբյեկտիվ չի քննվի, եւ օրերս դիմել է ՀՀ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանց: Մասնավորապես, Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրինությունը նամակ է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին` խնդրելով հետամուտ լինել, որ տեղի ունեցած գողության գործը քննվի օբյեկտիվ:




Լրահոս