Գոշ լճի բնականոն վիճակը վերականգնված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի ապրիլ ամսին սոցիալական ցանցերով ահազանգ էր տարածվել, որ Գոշ լճի ափամերձ հատվածում առանց համապատասխան թույլտվության մաքրման աշխատանքներ են կատարվում: ՀՀ բնապահպանության նախարարությունն անմիջապես արձագանքել էր հրապարակումներին և միջոցներ ձեռնարկել ապօրինի աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ: Ահազանգի հիմքերով իրականացված գործողությունների արդյունքում տարածքի վարձակալ «Վենդոռ» ՍՊԸ-ի իրականացրած աշխատանքները դադարեցվել էին, գնահատվել էր կատարված աշխատանքի ծավալը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Ծառայողական քննության արդյունքում նկատողություն էր հայտարարվել «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան տեղամասի անտառապետին, որը տեղեկացված պետք է լիներ ընկերության կողմից լիճը տիղմից մաքրելու աշխատանքների մեկնարկի մասին: Վարչական պատասխանատվության էր ենթարկվել «Վենդոռ» ընկերությունը՝ առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության լճի տարածքում աշխատանքներ նախաձեռնելու համար:

Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիները հիմնահարցը բարձրացրել էին նաև ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող էկոտուրիզմի խնդիրներին նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ նախարար Արծվիկ Մինասյանի և ակտիվիստների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարությունում խնդրի առնչությամբ հանդիպումներ կազմակերպելու շուրջ:

Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը հայտնել էր, որ անձրևների դադարից մի քանի օր անց հնարավոր կլինի սկսել և կարճ ժամանակահատվածում ավարտել լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները:

Տեղեկացվել էր նաև, որ ափամերձ տարածքները տիղմից մաքրման և բարեկարգման բոլոր աշխատանքներն իրականացնելու են «Դիլիջան» ազգային պարկի մասնագետները՝ «Վենդոռ» ընկերության միջոցների հաշվին, որպեսզի մասնագիտական մոտեցմամբ նվազագույնի հասցվի ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Կովկասի բնության հիմնադրամի /CNF-ի/ ազգային համակարգող Արման Վերմիշյանն էլ ներկայացրել էր իր դիտարկումները, ըստ որոնց` լճի էկոհամակարգին էական վնաս չի հասցվել, ինչի մասին վկայում է լճի ափամերձ բուսատեսակների բնականոն աճը:

Հուլիս ամսին, անձրևների դադարից 3 օր անց, սկսվել են Գոշ լճի հարակից հատվածների մաքրման աշխատանքները: Ներկա պահին դրանք ավարտվել են և լիճը բերվել է իր նախկին տեսքին։ Աշխատանքների ողջ ընթացքը վերահսկել է ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ձևավորված մասնագիտական աշխատանքային խումբը: «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները համապետական շաբաթօրյակի շրջանակներում վերոհիշյալ տարածքներում իրականացրել են նաև աղբից մաքրման աշխատանքներ:




Լրահոս