Արկադի Վարդանյանին խոշտանգո՞ւմ են. ընկերոջ հորը թունավորելու փորձի համար դատապարտված հրապարակախոսն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, որը արդեն 5 տարի է, ինչ պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, ArmLur.am-ին հայտնեց, որ քրեակատարողական վարչության կողմից խոշտանգման է ենթարկվում:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ընկերոջ հորը թունավորելու փորձի համար:

Եվ այսպես, քիչ առաջ Արկադի Վարդանյանը հայտնեց, որ մարտի 31-ին լրացել է այն սահմանված ժամկետը, որի արդյունքում իրեն կիսափակ ռեժիմից պետք է տեղափոխեին բացօթյա ռեժիմի, սակայն 5 ամիս է անցել, եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը որեւէ քայլ չի ձեռնարկում. ««Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությունը երկու անգամ միջնորդագիր է ներկայացրել վարչությանը, որ կիսաբաց ռեժիմից ինձ տեղափոխեն այլ ՔԿՀ, որտեղ ես բացօթյա ռեժիմով կկրեմ իմ պատիժը, սակայն միջնորդագրերը ընթացք չեն ստացել:

Ես նամակ ուղղեցի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ արդարադատությա նախարարին, որից հետո ստացա պատասխան, որ վերջիններս հանձնարարել են ՔԿ վարչությանը ուսումնասիրել իմ գործը: Գործս ուսումնասիրելուց հետո ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի կողմից նամակ եմ ստանում, որտեղ նշված է, թե կիսափակ ռեժիմից բացօթյա ռեժիմին անցնելու համար պետք է քրեակատարողական հիմնարկը միջնորդագիր ներկայացնի:

Այսինքն` ես հասկացա, որ վարչությունն ուզում է ողջ մեղքը գցել ՔԿՀ-ի վրա, թե իբր նրանք միջնորդագիր չեն ներկայացրել, մինչդեռ միջնորդագիր վարչությանը ներկայացվել է 2 անգամ: Ինչեւէ, այս իրավիճակից ելնելով` ես դատի եմ տվել ՔԿ վարչությանը, որոնք անհիմն կերպով ինձ պահում են կիսափակ ռեժիմի պայմաններում: Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն այստեղ եւս մեկ իրավիճակ կա, որ դատական նիստերը հետաձգվում են. հուլիսի 4-ին պետք է տեղի ունենար դատական նիստը, սակայն այն չկայացավ, քանի որ դատախազն էր բացակա, իսկ հիմա էլ դատական նիստը հետաձգել են, քանի որ դատավորն է արձակուրդի մեջ: Այս ի՞նչ է կատարվում: Ես հրապարակավ հայտարարում եմ, որ ինձ պարզապես խոշտանգում են»:

Հիշեցնենք, որ 2000թ.-ից Արկադի Վարդանյանն ակտիվ հանրահավաքային շարժում սկսեց Հայաստանում: Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունների հարկադրանքով ստիպված էր լքել երկիրը: 13 տարի անց Վարդանյանը կրկին հայտնվել էր Ազատության հրապարակում, բայց այս անգամ ոչ թե ինքն էր հանրահավաքների կիզակետում, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին էր սատարում: Հետո հայտնվեց կալանավայրում` իր ընկերոջ՝ Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:

Քնար Մանուկյան




Լրահոս