Սերժ Սարգսյանն օրերս հանդիպում էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, ում երդմնակալությանը մասնակցելու նպատակով էլ մեկնել էր Թեհրան:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սարգսյան-Ռոհանի քննարկումների թեմաներից են եղել երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները:
«Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը:
Նախագահների համոզմամբ` դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը»,- ասված է նախագահականի հաղորդագրության մեջ։
Հատկանշական է փաստը, որ երկու հարեւան երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների, եւ ընդհանրապես, առեւտրաշրջանառության ծավալների բարձրացման մասին բազմիցս է խոսվել: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահի՝ Հայաստան այցի եւ Երեւանում անցկացված գործարար համաժողովի ժամանակ առանձնապես կարեւորվել էր այդ թեման:
Ավելին, Սերժ Սարգսյանն այդ համաժողովի ժամանակ ելույթ էր ունեցել՝ ասելով. «Այսօր մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ամբողջովին օգտագործված չէ, իսկ ավելի ստույգ և անկեղծ լինելու համար ասեմ, որ այդ ներուժի ընդամենը մի չնչին մասն է օգտագործվում: Անհրաժեշտ է մեր առևտրատնտեսական հարաբերությունները համադրելի դարձնել հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչելու խոշոր տնտեսական ծրագրեր… Մենք ցանկանում ենք նաև, որպեսզի իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկրների տնտեսությունների համար»:
Միայն թե, նկատենք, որ անգամ այդ ելույթից հետո այս ոլորտում սայլը տեղից չի շարժվել, դեռ ավելին՝ Իրանը Հայաստանից դուրս է բերում իր կապիտալը: Առայժմ հրապարակված են օտարերկրյա ներդրումների՝ առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները, որոնք տխուր պատկեր են արտացոլում: 2017թ. հունվար-մարտ ամիսներին ընդհանուր ներդրումների առումով իրանական կապիտալի 56 մլն դոլարի արտահոսք է եղել, իսկ ուղղակի ներդրումներ Իրանից բացարձակ չեն արվել: Այլ կերպ ասած` չնայած Սերժ Սարգսյանի պնդումներին, թե ցանկանում է իրանական կապիտալն ավելի տեսանելի լինի Հայաստանում, միեւնույն է, հարեւան երկրի գործարարները չեն վստահում այս իշխանություններին, եւ ոչ միայն գումարներ չեն բերում Հայաստան, այլեւ այստեղից տանում են իրենց կապիտալը:
Ինչ վերաբերում է Իրանի հետ արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա այս տարվա առաջին կիսամյակում դրանց տեմպերը սկսել են նվազել: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Իրանի հետ արտաքին առեւտրծի ծավալները Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 5 տոկոսն էին կազմում, ապա այս տարի այն նվազել է՝ դառնալով 4.1 տոկոս:
Նվազել է դեպի Իրան արտահանումը, թեեւ՝ ներկրումը մի փոքր ավելացել է: Բայց միեւնույն է, փաստը, որ հարեւան Իրանի հետ առեւտուրը մեր ընդհանուր ապրանքաշրջանառության հազիվ 4.1 տոկոսն է կազմում, արդեն բացասական եզրակացությունների հիմք է տալիս:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ