Ինչպես կազդի վարչապետի հանձնարարականը դեսպանների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այլ ելք չունենալով՝ կառավարությունն այժմ փորձում է ներդրումներ ստանալ նաեւ օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով: Կառավարության՝ օգոստոսի 3-ի նիստում որոշում կայացվեց այն մասին, որ դեսպանների աշխատանքում պետք է ակտիվացնել տնտեսական բաղադրիչը:

Հետաքրքիրն այն է, որ դեսպաններից ներդրումներ ակնկալելու մասին խոսակցություններ եղել են թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ նաեւ այժմ: Սակայն այդ ոլորտում իրական տեղաշարժեր այդպես էլ չեն նկատվել: Հիմա էլ Կարեն Կարապետյանն է փորձում ակտիվացնողի դերը ստանձնել:

«Մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր երկրներում, սակայն, ցավոք, ոչ բոլոր երկրներում է հաստիքակազմը թույլ տալիս ունենալ տնտեսական հարցերով զբաղվող առանձին անձ, քանի որ տեղում տնտեսական բնույթի գործունեություն իրականացնելու համար դիվանագետը պետք է ունենա նաեւ տնտեսական կարողություններ:

Այս նախաձեռնությամբ նախատեսվում է, որ բոլոր ներկայացուցչություններում ակտիվանա տնտեսական բաղադրիչը», – լրագրողների հետ զրույցում այս մասին նշել էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նկատենք, որ ներդրումներին խոչընդոտող առաջնահերթ պատճառներն են` տնտեսական վիճակը, անկայուն դաշտը, մոնոպոլիաները, հովանավորչությունը, զոռբայությունը, որ առկա են մեր երկրում եւ, իհարկե, Արցախի չլուծված հարցը: Այս պայմաններում շատ քիչ ներդրողներ կցանկանան ռիսկի դիմել:

«Ժողովուրդը» փորձեց արտերկրում հավատարմագրված դեսպաններից հասկանալ, թե ինչպես են վերաբերվում վարչապետի նոր նախաձեռնությանը, ինչ են արել մինչ այժմ, եւ առաջիկա քայլերը որոնք են լինելու:

Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյան

-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է դեսպանների աշխատանքում ակտիվացնել տնտեսական բաղադրիչը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա նախաձեռնությանը եւ մինչ այժմ ներդրումներ ներգրավելու մասով Դուք ի՞նչ աշխատանքներ եք կատարել:

-Ես իմ դեսպան եղած ժամանակ, մինչեւ դեսպան լինելն էլ միշտ էլ այդ ուղղությամբ աշխատել եմ եւ ներդրողներ եմ բերել Հայաստան:

-Այսինքն՝ այս հանձնարարականը Դուք Ձեզ չե՞ք վերագրում:

-Ես ինձ վերագրում եմ: Վարչապետի հանձնարարականը դեսպանն ինչպես կարող է չվերագրել իրեն: Վերագրում եմ ինձ եւ ես հնարավորինս ամեն ինչ անում եմ, որպեսզի վարչապետի հանձնարարականն ի կատար ածեմ:

-Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, թե երբ դեսպանները չունեն համապատասխան կարողություններ, պետք է առանձին մարդիկ զբաղվեն ներդրումների ներգրավման հարցերով:

-Բարեբախտաբար, ես ունեմ այդ ունակությունները եւ գիտելիքները: Բայց, իհարկե, բոլոր երկրներում եթե կան դեսպանատներ, պետք է լինեն նաեւ առեւտրային ներկայացուցչություններ:

-Պարո՛ն Մանուկյան, կարո՞ղ եք մեկ օրինակ բերել, երբ Ձեզ հաջողվել է մեծ ներդրում բերել Հայաստան:

-Ես այդ հարցին չեմ պատասխանի, լա՞վ, ես բերել եմ ներդրող, Հայաստանում ներդրումներ կատարել եմ եւ հիմա էլ պատրաստվում եմ բերել ներդրող, որպեսզի Քաջարանի պոչամբարները մաքրեն, մեր բնությունը մաքրեն այդ թափոններից: Ներդրման չափը կկազմի մոտ 250 մլն դոլար: Դա նոր նախաձեռնություն չէ, մի քանի տարի է՝ աշխատում եմ այդ ուղղությամբ եւ կարծում եմ՝ կհաջողի:

Հ.Գ Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից առհասարակ ներդրումներ ներգրավելու մասին խոստումներ մշտապես լսել ենք, սակայն առ այսօր դրանցից շատ քչերն են իրականություն դարձել:

Ներկայացնենք մի քանի խոստումներ՝ թվերի տեսքով. «Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։

Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին»,- ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի օրերին հայտարարել էր Կարապետյանը: Նաեւ կառավարության՝ 2017-2022թթ գործունեության ծրագրում ենք հանդիպում ներդրումներ բերելու մասին շռայլ խոստումների, որոնք եւս, ինչպես շատ այլ նախաձեռնություններ, այնքան էլ հավատ չեն ներշնչում:

Սակայն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ինչ ջանքեր էլ փորձի գործադրել, քանի դեռ ՀՀ-ում չեն վերացվել ներդրումներին խոչընդոտող պատճառները, իրավիճակը միշտ էլ այսպես է լինելու:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս