Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի բարեփոխումների գործընթացում ամեն ինչ արվելու է հասարակական տրանսպորտի սակագինը չթանկացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով` այս պահին գնի հաշվարկ խորհրդատուի կողմից չի ստացվել:
«Բնական է, որ երթուղային ցանցի վերջնական չափորոշիչների սահմանումից հետո է հնարավոր հաշվել այդ ցանցի իրագործման ծախսերը, եւ որպես հետեւանք նաեւ ուղեւորափոխադրման գինը:
Մենք համոզված ենք, որ տրանսպորտի սակագինը չպետք է լինի բարձր կամ ցածր, այն պետք է լինի արդար եւ հասանելի, եւ այդ առումով ամեն ինչ անելու ենք, որպեսզի առանց սակագնի բարձրացման, որոշակի կառուցվածքային փոփոխություններով կարողանանք իրականացնել այս բարեփոխումները»,- ասաց նա: Քաղաքապետի տեղակալի խոսքով` տրանսպորտային բարեփոխումների գործընթացի պարտադիր մաս է կազմելու, սակայն էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրումը:
«Այն կարեւորագույն հիմնական բարեփոխումների բաղադրիչներից մեկն է լինելու»,-հավելեց նա: Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ նոր երթուղային ցանցում չեն լինի «ԳԱԶելներ», դրանք փոխարինվելու են միջին եւ մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով: Տրանսպորտի բարեփոխումների մաս է կազմելու նաեւ տրոլեյբուսային ցանցի թարմացումն ու արդիականացումը:
Վահե Նիկոյանը նշեց, որ բարեփոխումների գործընթացում անդրադարձ է կատարվելու նաեւ առանձին սոցիալական խմբերին, եւ սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց: «Մեր խորհրդատուն այդ համատեքստում առաջիկայում պետք է ներկայացնի զեղչային համակարգի կիրառման միջազգային փորձը»,-ասաց նա: Տրանսպորտային գործընթացի բարեփոխումների իրագործումը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին: